Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն հոկտեմբերի 2-ին` Ժնևում

Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն հոկտեմբերի 2-ին` Ժնևում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,-ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։

 Ուշագրավ
ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
Մոսկվա մեկնած ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև Լաչինի միջանցքի շրջափակման փաստը
Այցը տարածաշրջանային է՝ Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, կլինի նաև Ադրբեջանում
Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին
---