Օվերչուկ․ ՀՀ-ին մի քայլ է բաժանում ապաշրջափակումից, «արտատարածքային միջանցքի» մասին խոսք լինել չի կարող

Օվերչուկ․ ՀՀ-ին մի քայլ է բաժանում ապաշրջափակումից, «արտատարածքային միջանցքի» մասին խոսք լինել չի կարող

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանում լավ են հասկանում` տնտեսական աճին խանգարում է շրջափակումը՝ ապաշրջափակումից մի քայլ է բաժանում։ Այդ մասին Օվերչուկն ասել է «Ռոսիյսկայա գազետային» հարցազրույցում, որը տվել է Երևանում կայացած «Ռուս-հայկական բիզնես երկխոսություն-2022» համաժողովից վերադառնալուց հետո։

Օվերչուկը հավելել է, սակայն, որ ճանապարհներ բացել կամ կառուցել կարելի է միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ կորոշեն սահմանների հատման իրավական ռեժիմը։

«Բանակցությունների ընթացքում հետևյալ սկզբունքն է մշակվել՝ ճանապարհի հանդեպ ինքնիշխանությունը այն երկրինն է, որի տարածքով անցնում է ճանապարհը։ Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է ՀՀ տարածքով, դա հայկական ճանապարհ է, եթե Ադրբեջանի՝ ադրբեջանական ճանապարհ է․․․ Ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին, որն ինչ-որ կերպ կվնասի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությանը խոսք չի գնում և գնալ չի կարող»,-ասել է նա։

Օվերչուկը նշել է, որ ՌԴ և ՀՀ միջև առևտրի աճն ու ընդհանուր ինտեգրացիոն գործընթացներն անցնում են ՀՀ բազմամյա տրանսպորտային շրջափակման պայմաններում։

«Ուստի, տրանսպորտային մեկուսացման հաղթահարման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հեռանկարներն ուժեղ խթան կհանդիսանան ինչպես ՀՀ, այնպես էլ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի և հարակից երկրների զարգացման համար»,- ասել է նա՝ կրկնելով այն միտքը, որ ռուսական ներդրումները Հայաստանում կարող են հասնել 5 մլրդ դոլարի։

Նա հավելել է, որ ՀՀ տնտեսության համար ապաշրջափակման դրական արդյունքն ակնհայտ է և նույնիսկ կարող է ավելի մեծ լինել, քան «ինտեգրման առաջին ալիքի»։ էֆեկտը՝ ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում ՀՀ առևտուրն անդամ երկրների հետ աճել է 54%-ով։

«Բաց հաղորդակցությունները հնարավոր կդարձնեն առևտրային և հումանիտար կապերի զարգացումը, թույլ կտան հարևաններին շփվել։ Ռուսաստանին այդ ճանապարհները ևս շատ են պետք, քանի որ ամբողջ երկայնքով անցնելու են բարեկամ երկրների տարածքով և բերելու են մեզ բարեկամ երկրներ»,-ասել է Օվերչուկը։

Նա նշել է նաև, որ հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը չի կարող ՀՀ և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրադարձություններից զերծ մնալ՝ յուրաքանչյուր սրացում արգելակում է բանակցային գործընթացը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---