Վարչապետը՝ հայ-ադրբեջանական սահմանին անձնագրային և մաքսային հսկողության մասին

Վարչապետը՝ հայ-ադրբեջանական սահմանին անձնագրային և մաքսային հսկողության մասին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է լինի մաքսային և անձնագրային հսկողություն, իրավական ընթացակարգերի շուրջ կողմերը պետք է համաձայնության գան։

Կա սկզբունքային համաձայնություն, որ ճանապարհները գործում են այն երկրների սուվերենության ներքո, որոնց տարածքով անցնում են՝ մեջբերելով նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, որ ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին խոսք չկա և չի կարող լինել։

Նա նշել է, որ թեև Ադրբեջանն աշխատանքային մակարդակով առարկություն չի ներկայացնում, սակայն, ասում է, որ ելնելով կոնֆլիկտային իրավիճակից, չեն ցանկանում, որ Ադրբեջանի քաղաքացին առնչվի ՀՀ սահմանապահի կամ մաքսավորի հետ։ Վարչապետը հավելել է, որ, բնականաբար, հայկական կողմն էլ չի ցանկանում, որ ՀՀ քաղաքացին առնչվի ադրբեջանցի մաքսավորի և սահմանապահի հետ։

Ըստ վարչապետի, որպես լուծում կարող է լինել, որ սահմանին կանգնի ռուս սահմանապահը, ինչպես, օրինակ, Իրանի հետ սահմանին, սակայն Ադրբեջանի պարագայում ռուս սահմանապահ պետք է կանգնի նաև իրենց կողմից։ Նա նշել է, որ հակառակ դեպքում սկզբունքը կխախտվի։

Ինչ վերաբերում է մաքսային հսկողությանը, ապա կա պրակտիկա, օրինակ, եվրոպական երկրներում, երբ հսկողությունն իրականցնում է ոչ թե պետական ծառայությունը, այլ մասնագիտացված կազմակերպություններ։

«Մեկ այլ խնդիր էլ կարող է լինել, որ անձնագրերում կնիք չդրվի։ Դա էլ կարող է լինել, աշխարհում կա նման պրակտիկա, երբ էլեկտրոնային կերպով է այդ ամենն արվում»,– ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ քննարկվում են ճանապարհային հարկի վճարման, բնապահպանական վճարի հարցեր։

Փաշինյանը հիշեցրել է, որ ըստ եռակողմ հայտարարության, տրանսպորտային երթևեկության նկատմամբ հսկողություն է իրականացնում ՌԴ սահմանապահ ծառայությունը։

«Կա մի մոտեցում, որ սկզբնական շրջանում տեղաշարժն իրականացվի կազմակերպված շարասյուներով։ Հայաստանում անվտանգությունը պետք է ապահովի ՀՀ համապատասխան ծառայությունը, բայց, լավ կլինի, որ այդ շարասյան մեջ լինեն նաև ռուս սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ, որպեսզի խնդիրների դեպքում հաղորդակցության հետ կապված հարցեր չառաջանան կամ լուծվեն»,– ասել է վարչապետը։ ‌

 Ուշագրավ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին դիմել է ռուս խաղաղապահներին՝ հորդորելով չկիրառել Լեռնային Ղարաբաղ տեղանունը
Նա նշել է, որ դիտորդները տեղակայված են սահմաններին և իրենց աշխատանքը շարունակում են
Նա մասնակցելու է «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին
---