Վարչապետ․ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական

Վարչապետ․ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ից ակնկալիքներին, ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված հանրային դժգոհություններին և ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությանը:

Վարչապետն ասել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական:

Նա նշել է, որ վերջին շփումներում ՀԱՊԿ ներկայացուցիչների հետ ինքն արձանագրել է, որ Հայաստանում կառույցի նկատմամբ հանրային որոշակի տրամադրությունների շատ արագ աճ և փոփոխություն է եղել:

«Մի խոսակցության ժամանակ Նույնիսկ ասվեց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կկորցնի Հայաստանը, ինչին ես արձագանքեցի, որ Հայաստանում հակառակ մտավախությունը կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ-ը: Մեկ այլ ձևակերպմամբ ասում են, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձևակերպեցի՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Եկեք չմոռանանք, որ հիմա ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ, և ՀԱՊԿ-ի նախագահողը նույն անձի մեջ պետք է բացատրություններ ունենա Հայաստանի վարչապետին: Առաջին հայացքից ուղղակի բառախաղ թվացող այս ձևակերպումներով, կարծում եմ, ձևակերպեցի ամբողջ խնդիրը»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ երբ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկումներ են եղել Հայաստանի անվտանգության վերաբերյալ, քանի որ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ինստիտուցիոնալ թիվ մեկ գործիքն է, շատ հստակ հավաստիացումներ են եղել, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է:

Անդրադառնալով 2021-ին Սոթք-Խոզնավար հատվածի իրադարձություններին և ՀԱՊԿ-ին դիմելուն՝ Փաշինյանն ասել է, որ շատ տարօրինակ մի արձագանք ստացան` թե սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ:

«Այստեղից հարց է առաջանում՝ այդ դեպքում կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում: Դեռ այն ժամանակ ձևակերպել ենք այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը: Եվ սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ-ի համար, որովհետև ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա, որովհետև ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ մոտեցմամբ դեմարկացված չէ նաև, օրինակ, ՌԴ սահմանը Բելառուսի հետ, ՌԴ սահմանն Ադրբեջանի հետ։

Նա շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, այն կոորդինատներով հայտնի է՝ դա ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք «1991-ի դեկտեմբերի 18-ի համաձայնագրով ճանաչվել են որպես պետական սահմաններ»: ‌

 Ուշագրավ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին դիմել է ռուս խաղաղապահներին՝ հորդորելով չկիրառել Լեռնային Ղարաբաղ տեղանունը
Նա նշել է, որ դիտորդները տեղակայված են սահմաններին և իրենց աշխատանքը շարունակում են
Նա մասնակցելու է «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին
---