Ճապոնիայի դեսպանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ՀՀ-ում ստեղծված իրավիճակով

Ճապոնիայի դեսպանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ՀՀ-ում ստեղծված իրավիճակով

PanARMENIAN.Net - Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակով։

Դեսպան Ֆուկուշիման տեղեկացրել է նախորդ օրը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Գեղարքունիքի մարզի տուժած բնակավայրեր կատարած այցի մասին՝ վերահաստատելով Ճապոնիայի՝ խնդիրների խաղաղ կարգավորմանը նպաստելու պատրաստակամությունը։

Անդրադառնալով Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների երեսնամյա պատմությանը՝ Մաթևոսյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը։

Զրուցակիցները հատկապես ընդգծել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը, այդ թվում՝տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության,թվայնացման և զբոսաշրջության ոլորտներում։

Երկկողմ տնտեսական և քաղաքական համագործակցության օրակարգի ընդլայնման անհրաժեշտությանը զուգահեռ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման կարևորել է մարդկային շփումների և երիտասարդական փոխանակման ծրագրերինախաձեռնումը՝ ի նպաստ երկկողմ մշակույթային երկխոսության խորացմանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։

 Ուշագրավ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին դիմել է ռուս խաղաղապահներին՝ հորդորելով չկիրառել Լեռնային Ղարաբաղ տեղանունը
Նա նշել է, որ դիտորդները տեղակայված են սահմաններին և իրենց աշխատանքը շարունակում են
Նա մասնակցելու է «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին
---