«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա. Ընտանեկան բռնության դեպքերը նույնիսկ այս իրավիճակում չեն նվազում

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա. Ընտանեկան բռնության դեպքերը նույնիսկ այս իրավիճակում չեն նվազում

PanARMENIAN.Net - «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտարարություն է տարածել Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ, որտեղ նշվում է, որ ընտանեկան բռնության դեպքերը նույնիսկ այսօրվա օրհասական իրավիճակում չեն նվազում:

Այդ մասին են վկայում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած տվյալները, որի վարույթում 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննվել է 391 քրեական գործ, իսկ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի թեժ գծերին այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ստացել ենք 4808 հեռախոսազանգ։

Հայտարարության մեջ նշվում է, որ նույն ժամանակահատվածում ամուսնու կամ զուգընկերոջ կողմից Հայաստանում սպանվել է առնվազն 7 կին, ինչը վկայում է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը կարևոր է ու պետք է գտնվի պետական անմիջական ուշադրության ներքո։

«Ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։ Մենք այս կարևոր օրը նշել ենք հանրային միջոցառումներով՝ իրականացնելով իրազեկման ակցիաներ, թատերական ներկայացումներ, կլոր սեղան-քննարկումներ, մամուլի ասուլիսներ, մոմավառություններ՝ ի հիշատակ կնասպանության զոհերի։ Սակայն այս տարի, ինչպես և 2020 թվականի Հոկտեմբերի 1-ին, մենք չենք իրականանցնելու հանրային միջոցառումներ, քանի որ մեր երկիրը դարձյալ գտնվում է ծանր իրավիճակում։

Պատերազմական գործողությունները Հայաստանի սահմաններին երիտասարդ կյանքեր են խլում, այդ թվում նաև կին զինծառայողների, ովքեր կատարելով մարտական առաջադրանքները զոհվում են, իսկ, երբեմն նաև, ենթարկվում խոշտանգումների ու անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի։ Այս դեպքերով մենք դիմել ենք մեր տեղական և միջազգային գործընկերներին՝ ընդգծելով պատերազմական հանցագործությունների գենդերային բնույթը։

Պատերազմելու կամ չպատերազմելու որոշումը երբևէ կանայք չէ, որ կայացնում են։ Դա հայրիշխանական համակարգի բռնության դրսևորման ամենադաժան ձևերից է, որի բոլոր հետևանքներն ու սարսափները կրում են կանայք՝ մի դեպքում հայտնվելով կրակահերթերի ուղիղ թիրախում, մյուս դեպքում՝ կրելով անմիջական հետևանքները։

Համակարգային բռնության մեքենան գործում է նաև ընտանիքում, որտեղ նույնպես, մեծամասամբ թիրախում կանայք են։ Ընտանեկան բռնության դեպքերը նույնիսկ այսօրվա օրհասական իրավիճակում չեն նվազում։ Այդ են վկայում ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալները։

Կոալիցիայի համառ պայքարի շնորհիվ 2017թ․ Հայաստանում ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որը, սակայն, լրջագույն բացեր ունի։ Մենք բազմիցս նշել ենք, որ այն պետք է փոխվի և երաշխավորի կանանց անվտանգությունն ու բռնությունից դուրս ապրելու իրավունքը, սակայն օրենքի բարելավման գործընթացը որևէ կերպ առաջընթաց չի ապրում։ Եվ անկախ երկրի իրավիճակից, պետությունը պետք է զգոն լինի կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---