Սահակյան․ Հայ զինծառայողներին գնդակահարել են Իշխանասարի դիրքերից մեկում

Սահակյան․ Հայ զինծառայողներին գնդակահարել են Իշխանասարի դիրքերից մեկում

PanARMENIAN.Net - Հայկական կողմն արդեն պարզել է, որ հոկտեմբերի 2-ին սոցցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում` «Հովազ 1» բարձունքում: Այդ մասին հայտնել է ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով՝ ունեն հստակ փաստեր, որ 10 օր առաջ այդ հատվածից ադրբեջանցիները նկարներ են տարածել որպես Իշխանասար, տեղեկացնում է «Հետքը»։

«Արդեն նույնականացրել ենք գնդակահարված երկու զինծառայողի, որոնք երևում էին նաև ադրբեջանցիների տարածած տեսանյութում` իրենց իրերով, տեղանքով: Այսինքն, միանշանակ է, որ Իշխանասարում է եղել»,- ասել է Սահակյանը:

Իրավապաշտպանի խոսքով` երկու զինծառայողի հեշտությամբ են նույնականացրել, մյուսների մասով արդեն դժվարություն չկա, քանի որ հայտնի է, թե որ դիրքում է եղել: Նույնականացված երկու զինծառայողը պարտադիր ժամկետայիններ են եղել: Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից տեսանյութում երևում է 4-ի գնդակահարությունը: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:

Նշվում է՝ հստակ ապացույցներ կան, որ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից, և, փաստացի ստացվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներգրավված է նմանատիպ վայրագություններին:

Ըստ Սահակյանի` դիրքում ծառայություն իրականացնողների ցուցակը պետք է տրամադրեր պետությունը, սակայն այդ առումով հապաղել են, հավանաբար, որպեսզի իրենք հանդես գան հայտարարությամբ: Իրավապաշտպանն ասում է, որ այլ տարբերակով կարողացել են այնտեղ ծառայողների ցուցակը ձեռք բերել:

Այժմ աշխատում են ապացույցների վրա, որպեսզի ներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Սահակյանը նշել է, որ 44-օրյա պատերազմին վերաբերող ՄԻԵԴ-ում արդեն քննվող գործի շրջանակում փորձելու են մեծացնել դատարանի պատասխանատվությունը, որպեսզի ստանդարտներ փոխվեն:

Սահակյանը նշել է, որ քննվող գործի շրջանակում ՄԻԵԴ-ին ներկայացրել էին գերիներին ազատ արձակելու պահանջ` ցույց տալով, որ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվելու ընթացքում կա սպանվելու իրական վտանգ: Այդ ամենը ցույց են տվել կոնկրետ օրինակներով:

Սակայն ՄԻԵԴ-ն աշխատանքի միակ ուղղությունը չի լինելու: Սահակյանն ասել է, որ նախկինում տարբեր միջազգային կառույցներին զեկույցներ են ներկայացրել Ադրբեջանի կատարած գնդակահարությունների վերաբերյալ՝ թե՛ անհատական, թե՛ խմբային: Բացի այդ, պարբերաբար բարձրաձայնել են, որ քաղաքական պատասխանատվության անհրաժեշտություն կա, և դրա բացակայությունը ծնում է անպատժելիություն:

Իրավապաշտպանը նշել է նաև, որ արդեն հաստատված է 17 գերու անուն, որոնք գտնվում են Ադրբեջանում, սակայն նրանց թիվն ավելին է, քանի որ ավելի շատ ներկայացված անձինք կան, քան հաստատված են:

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---