Փոխնախարար․ Տեսանյութն ապացուցում է՝ խաղաղության հասնելու ուղղությամբ անելիքները դեռ շատ են

Փոխնախարար․ Տեսանյութն ապացուցում է՝ խաղաղության հասնելու ուղղությամբ անելիքները դեռ շատ են

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության փոխնախարար, այս պահին նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին, ասել է, որ այդ տեսանյութն ապացուցում է՝ խաղաղության հասնելու ուղղությամբ անելիքները դեռ շատ են։

Նա այդ մասին ասել է՝ պատասխանելով հարցադրմանը, թե ինչ են ակնկալում, որովհետև Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը, գրում է «Հայկական ժամանակը»։

Մինասյանը վստահեցրել է՝ ամեն ինչ անում են, որ մեղավորները պատժվեն։

«Խաղաղությունը պետք է բոլորիս։ Այդ տեսանյութն ապացուցում է, որ այս ուղղությամբ անելիքները դեռ շատ են։ Բայց ասել, որ կրակոցների դեպքում պետք է դուրս գալ բանակցություններից, ճիշտ չեմ համարում։ Հակառակը։ Սա ապացուցում է, որ օր առաջ մեր երկրում խաղաղություն է պետք»,-ասել է նա։

Մինասյանը նաև հավելել է՝ ՄԻՊ գրասենյակից հայտնել են՝ որոշակի տեղեկություններ կան, թե որ հատվածում է դա եղել։

«Ասվել է, որ տեսանյութը հին չէ, շաբաթների տեսանյութ է։ Կառավարության՝ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչներն արդեն գործիքակազմ են կիրառում։ Դիմելու են ՄԻԵԴ և արդարադատության միջազգային դատարան»,- նշել է նա:

Հարցին, թե վատ չի՞ զգում, որ մաս է կազմում իշխանության, որի օրոք մեր զինվորներին գնդակահարում են, Մինասյանը պատասխանեել է․ «Հարցի ենթատեքստը հասկանում եմ, բայց չեմ հասկանում՝ ի՞նչ նկատի ունեք: Նախարարությունն ամեն ինչ անում է, որ իրավական առումով գնահատականներ տրվեն։ Միջազգային գործընկերների հետ աշխատելով՝ պետք է հասնենք նրան, որ նման դեպքերը բացառվեն»։

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---