Ռուբեն Վարդանյանը՝ Խնապատում․ Մեր ուժը մեր գյուղերի ու սեփական կարողությունների և ուժերի նկատմամբ վստահության մեջ է

Ռուբեն Վարդանյանը՝ Խնապատում․ Մեր ուժը մեր գյուղերի ու սեփական կարողությունների և ուժերի նկատմամբ վստահության մեջ է

PanARMENIAN.Net - Հայտնի գործարար և բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանն Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ մեր ուժը մեր գյուղերի ու սեփական կարողությունների ու ուժերի նկատմամբ վստահության մեջ է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ խնապատցիների նման կամք, ոգի ու արմատներ ունեցող մարդկանց հնարավոր չէ կոտրել։

«Մեր ուժը մեր գյուղերի ու սեփական կարողությունների ու ուժերի նկատմամբ վստահության մեջ է: Արցախի Խնապատ գյուղի բնակիչներից բոլորս շատ բան ունենք սովորելու: Ընդամենը ամիսներ առաջ էր թշնամին կրկին գնդակոծել գյուղը, բայց նրանց մտքով չի էլ անցնում լքել հարազատ բնակավայրը: Գտնվելով անմիջապես սահմանին՝ թշնամու թիրախում, խնապատցիները ոչ միայն չեն վհատվում, այլև ամուր կանգնած են իրենց հողի վրա ու դեռ ապագային ուղղված ծրագրեր են իրականացնում:

Գյուղի հողատարածքների զգալի մասը թշնամու նշանառության տակ է, ինչը խնդիրներ է առաջացնում գյուղատնտեսական աշխատանքների համար: Բայց հուսահատությունն այս մարդկանց համար չէ: Ռուսաստանում ապրող իրենց հայրենակցի աջակցությամբ գյուղում սառնարանային տնտեսություն են հիմնել և մտածում են վերամշակող արտադրություն ունենալու ու իրենց գյուղի համեղ պտուղներն արտահանելու մասին: Իսկ գյուղի երեխաների համար ստեղծագործական պարապմունքների հնարավորություն են ստեղծել:

Խնապատ այցելությունն ու բնակիչների հետ հանդիպումը, նրանց հետ շփումն ինձ համար չափազանց կարևոր էր: Մշտապես անմիջական վտանգի տակ ապրող մարդիկ ավելի լավ են հասկանում իրավիճակն ու ձևակերպում մեր խնդիրները: Նրանք չեն դժգոհում իրենց վիճակից, ապրուստից, նյութական կորուստներից (թեև դրա բոլոր հիմքերն ունեն), նրանց մտահոգում է այն, որ ոչ բոլորն են գիտակցում հայրենիքը կորցնելու վտանգի լրջությունը: Նրանց հետ հանդիպումը ոգեշնչող էր: Այսպիսի կամք, ոգի ու արմատներ ունեցող մարդկանց հնարավոր չէ կոտրել: Հնարավոր չէ կոտրել նաև հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ համախմբված ժողովրդին»,-նշել է նա:

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել է Արցախ և հիմնել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---