Transparency Int․ Դատապարտում ենք իշխող կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում իր անդամին նշանակելու մոտեցումը

Transparency Int․ Դատապարտում ենք իշխող կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում իր անդամին նշանակելու մոտեցումը

PanARMENIAN.Net - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը խստորեն դատապարտել է իշխող կուսակցության` «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում իր անդամին նշանակելու մոտեցումը և պահանջում է վերանայել առաջադրումը։

ՔՊ-ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 2022թ․ հոկտեմբերի 3-ին առաջադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածուներին։ Համաձայն ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի` այս թեկնածուները համապատասխան մշտական հանձնաժողովի, այն է՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կառաջարկվեն Ազգային ժողովի քվեարկությանը։ Թե՛ հանձնաժողովում, թե՛ Ազգային ժողովում փաստացի միայնակ որոշում է կայացնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը՝ խորհրդակցելով, թերևս, միայն կուսակցության վարչության հետ: Հետևաբար՝ ամենայն հավանականությամբ, առաջադրված թեկնածուները կընտրվեն Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից՝ առանց առարկությունների։

Խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրում է տվյալ կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանին, որը 8-րդ գումարման Ազգային ժողովի պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է: Պարոն Հովակիմյանը զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ՝ առնվազն ՔՊ կուսակցության ստեղծման օրվանից և պատասխանատու է եղել տարբեր ընտրություններում կուսակցության մասնակցության համակարգման համար:

Կուսակցական կարկառուն ներկայացուցչի առաջադրումն իշխող քաղաքական ուժի կողմից ինքնին ստվերում է ժողովրդավարական առաջընթացը, ընտրական օրենսդրության և գործընթացների շարունակական բարելավման այն ահռելի աշխատանքը, որն իրականացվել է կառավարության, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, տեղական և միջազգային կազմակերպությունների համատեղ ուժերով: Այն ի սկզբանե կասկածի տակ է դնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախությունը և քաղաքական չեզոքությունը՝ անկախ կուսակցական տոմսը վայր դնելու ձևական արարողությունից և չեզոքության մասին հայտարարություններից ու խոստումներից: Այս նշանակմամբ ռիսկի տակ է դրվելու ԿԸՀ վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանադրումից և անկողմնակալությունից:

Ի լրումն իշխող կուսակցության հայտնի քաղաքական գործչին անկախ մարմնի նախագահի պաշտոնում առաջադրելու ինքնին բացասական երևույթի դատապարտման՝ անհրաժեշտ ենք համարում նաև հրապարակային գնահատական տալ վերջին տարիների ընտրական օրենսդրության բարեփոխումների գործընթացում Վահագն Հովակիմյանի դերակատարմանը, որը հանդես է եկել խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություններով, որոնք նպատակադրված են եղել մեկ կուսակցության շահի սպասարկմանը, մշակվել են փակ դռների ետևում և միտված են եղել թափանցիկության ու հաշվետվողականության նվազեցմանը՝ հակադրվելով այս ոլորտում ներդրվող մասնակցային գործընթացներին։

Միանշանակ է, որ իշխող կուսակցության կողմից իր գործչի նշանակումը չի նպաստում հետագա ընտրությունների ազատ և արդար անցկացմանը, և վտանգում է 2018թ. թավշյա հեղափոխության հիմնական ինստիտուցիոնալ ձեռքբերումը, որը թույլ է տվել գործող կառավարությանը հանդես գալ որպես ժողովրդավարական: Ինչպես բազմիս հայտնել ենք իշխանություններին պատգամավորական, մասնագիտական, ինչպես նաև վարչապետի մակարդակում, ևս մեկ անգամ հանրայնորեն պնդում ենք. Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահի պաշտոնում կլինի ապացույց նեղ խմբային քաղաքական շահի արժևորման՝ ի վնաս որոշումների կայացման գործընթացում ժողովրդավարական սկզբունքների, այդ թվում` հանրային մասնակցության ապահովման ու հանրային կարծիքի հանդեպ հարգանքի:

Նշվում է, որ ԿԸՀ անդամի, և մասնավորապես՝ նախագահի պաշտոններում պետք է առաջադրվեն բացառապես անկուսակցական և քաղաքական գործունեություն չծավալող անձինք։ ‌

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---