Վարչապետ․ Քոչարյանն ու Օսկանյանն են ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, Սարգսյանն էլ թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել

Վարչապետ․ Քոչարյանն ու Օսկանյանն են ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, Սարգսյանն էլ թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ կան մարդիկ, որոնք իշխանությանը մեղադրում են ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Ըստ նրա՝ այդ մեղադրանքները պետք է ուղղել նախորդ իշխանություններին, մասնավորապես՝ երկրորդ և երրորդ նախագահներին։

«Այո, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, դրա հեղինակը (երկրորդ նախագահ,- խմբ) Ռոբերտ Քոչարյանն ու (ԱԳ նախկին նախարար,- խմբ) Վարդան Օսկանյանն են»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այն պահից, երբ ՀՀ-ն ընդունել է Մադրիդյան սկզբուները որպես բանակցային գործընթազցի հիմք, այդ պահից ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի մաս։

«ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչելը եղել է որպես իշխանություն ստանձնելու նախապայման: (Երրորդ նախագահ,- խմբ.) Սերժ Սարգսյանն ու (ԱԳ նախկին նախարար,- խմբ.) Էդվարդ Նալբանդյանն էլ են Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս և 1998–ին որպես իշխանությունը ստանձնելու նախապայման Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից»,– ասել է Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել:

Վարչապետը հավելել է, որ իրենց իշխանությունը պայքարել է այդ որոշումների դեմ, բայց չի հաջողել։

«Երևի, ժամանակ է խոստովանել, որ չենք էլ հաջողելու»,- ասել է նա։

«Ո՞ւմ վրա են ինչ ուզում բարդել։ Իրենք են ստորագրել իրենց կոտրած ձեռքերով, մենք անկեղծ պայքարել ենք դա հետ շրջելու համար»,- ասել է Փաշինյանը։ ‌

Մադրիդյան սկզբունքներն ընդունվել են 2007-ին նոյեմբերին Մադրիդում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Արցախյան հակամարտության հետ կապված բանակցությունները վարող Հայաստանին և Ադրբեջանին խնդրի կարգավորման նպատակով։ Հիմնարար սկզբունքները մասնավորապես ենթադրում են՝ 1) նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին, 2) Արցախի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, 3)Հայաստանը Արցախին կապող միջանցք,4)Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, 5)ներքին տեղահանված և փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, 6)անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն։

 Ուշագրավ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին դիմել է ռուս խաղաղապահներին՝ հորդորելով չկիրառել Լեռնային Ղարաբաղ տեղանունը
Նա նշել է, որ դիտորդները տեղակայված են սահմաններին և իրենց աշխատանքը շարունակում են
Նա մասնակցելու է «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին
---