Աֆեյան․ Իսրայելի նախկին վարչապետին ասացի՝ ցեղասպանված ազգ եք և օգնում եք Բաքվին, պատասխանն էր՝ շատ ցավալի է, բայց շահեկան

Աֆեյան․ Իսրայելի նախկին վարչապետին ասացի՝ ցեղասպանված ազգ եք և օգնում եք Բաքվին, պատասխանն էր՝ շատ ցավալի է, բայց շահեկան

PanARMENIAN.Net - Moderna-ի համահիմնադիր, գործարար Նուբար Աֆեյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ադրբեջանական վերջին ագրեսիային, ասել է, որ ՄԱԿ-ի վերջին համաժողովի ժամանակ խոսել է Իսրայելի նախկին վարչապետի հետ։

«Ես իրեն շատ պարզ բան ասացի՝ դուք, որ ցեղասպանված ազգ եք, ինչպե՞ս եք ընդունում, որ ներկա պահին ձեր կառավարությունն օգնում է Ադրբեջանին։ Ասում են՝ դա շատ ցավալի է, բայց շահեկան։ Ես էլ ասացի, որ այդ նույն շահերն էին, որ 70 տարի առաջ իրենց ցեղասպանության դատապարտեցին։ Այդպես է, աշխարհն այսօր հիմնված է շահերի վրա, Հայաստանը, ցավոք, աշխարհի համար որևէ շահ չի ներկայացնում։ Իսկ այսօր ամբողջ աշխարհում մարդասիրությունը որևէ արժեք չունի»,- ասել է Աֆեյանը, գրում է «Առավոտը»։

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք կապին՝ նա ասել է, որ այն թուլացած է, քանի որ տեղեկատվության պակաս կա։

«Սփյուռքը Հայաստանին օգնելու իր կարողությունների 1/1000 մասն է օգտագործում»,- ասել է գործարարը։

Նրա ներկայացմամբ՝ պարզ է, որ հնարավոր չէ ամբողջովին բաց պատմել այն ամենը, ինչ է տեղի ունենում, բայց մյուս կողմից էլ, եթե որևէ տեղեկություն չի լինում, հայերը տարբեր երկրներում կասկածի մեջ են ապրում։

«Լոս Անջելեսում կամ Կալիֆոռնիայում նստած հայերն ասում են` հիմա մենք ինչ անենք, ինչով օգնենք։ Ու ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպես կարող է օգնել Հայաստանին։ Մենք մեզ հեռու ու հեռացած ենք զգում։ Այդ զգացումը շատ ցավալի է: Հարկավոր է գտնել այն միջոցը, ուժը, որ սփյուռքի ու Հայաստանի միջև կապերի հզորացումը դառնա ավելի կարևոր։ Այս նպատակն այսօր Հայաստան–սփյուռք առաջնահերթությունների նույնիսկ առաջին տասնյակում չկա»,-ասել է Աֆեյանը։

Նրա կարծիքով՝ սփյուռքի խնդիրներից մեկն էլ այն է, որ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբում չկա, իսկ մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունը չի տալիս հստակ նպատակ, ծրագիր, որով սփյուռքը պետք է գործի արտերկրում։

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, նա նշել է՝ որպես ամերիկահայ, Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ շփվելով այդ երկրի իշխանությունների հետ, միշտ նկատել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին դիտարկում է որպես Ռուսաստանի անբաժանելի գործընկեր, ուստի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում սպասում էին, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին, բայց սպասելիքները չարդարացան, և ԱՄՆ-ի համար առիթ դարձավ, որպեսզի «զբաղվի» Հայաստանով։ Սա, ըստ Աֆեյանի, ԱՄՆ-ի հայ համայնքի համար առիթ է դարձել, որպեսզի Հայաստանի դեմ ագրեսիան օրակարգային հարց դարձնի։ Աֆեյանի խոսքով՝ այն, ինչ լավ գիտի սփյուռքը, դա այն է, ինչ անել, որպեսզի մարդիկ զբաղվեն Ցեղասպանության ճանաչման խնդրով, հիմա էլ փաստորեն նույն խնդրի մասին է խոսքը:

«Հարկավոր է կազմակերպչական նույն հնարավորությունները տրամադրել այս թեմային, քանի որ ներկա պահին մեզ սպառնում են նոր ցեղասպանությամբ։ Հիմա էլ մեզ սպառնում են ցեղասպանությամբ, նույն հրեշներն են, որոնք 100 տարի առաջ իմ պապին ու նրա եղբորը դատապարտել են մահվան»,-ասել է նա։ ‌

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---