Էրդողան․ Նախապայմաններ չկան, միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն անհապաղ կնքեք

Էրդողան․ Նախապայմաններ չկան, միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն անհապաղ կնքեք

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ավարտին մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ նշելով, որ անկեղծորեն հավատում է՝ տարածաշրջանում բարիդրացիության հիման վրա հնարավոր է հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման նպատակին։

Հայ-եվրոպական ամսագրի լրագրողի հարցին, թե ինչ նախապայմաններ ունի Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ Էրդողանը պատասխանել է, որ «նախապայմաններ չկան», գրում է Ermenihaber-ը։

«Նախապայմաններ չկան, միայն ցանկանում ենք, որ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունները հասունացնեք և խաղաղության վերաբերյալ պայմանագիրն անհապաղ կնքեք։ Հենց դա անեք, մեզ հետ որևէ խնդիր չի մնա․ սահմաննե՞ր են պետք բացել, ուրեմն կբացենք, ընդ որում՝ բոլոր տեսակի՝ օդային, ցամաքային և երկաթուղային»,- ասել է նա:

Թուրքիայի պետական TRThaber-ի լրագրողը Թուրքիայի ղեկավարին հարցրել է, թե Փաշինյանն ի՞նչ ուղերձներ է տվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու հարցում։

«Ինչպես գիտեք, մեր հատուկ ներկայացուցիչների միջոցով բանակցությունները փոխադարձաբար շարունակվում են։ Մենք էլ այսօր նրա հետ հանդիպումն անկեղծ մթնոլորտում անցկացրինք։ Դրա ընթացքում խոսք է եղել որոշակի պահանջների մասին։ Այս պահանջների առնչությամբ թե՛ հատուկ ներկայացուցիչներին և թե արտգործնախարարներին տվել ենք հանձնարարականներ։ Արտգործնախարարների հանդիպում կլինի, հատուկ ներկայացուցիչների՝ նույնպես։ Ապա, ըստ ստացված արդյունքի, կանենք մեր քայլը»,- ասել է Էրդողանը։

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողը խնդրել է պարզաբանել «որոշ պահանջները» արտահայտությունը և հարցել, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանն ու երբ կկարգավորվեն հարաբերությունները՝ հաշվի առնելով այն, որ ըստ Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղի հարցը արդեն լուծվել է։

Պատասխանելիս Էրդողանը կրկին հիշեցրել է երկու երկրի հատուկ ներկայացուցիչների ու արտգործնախարարների կողմից տարվող աշխատանքների մասին։

«Հատկապես բեռնափոխադրումներից (կարգոյից) մինչև օդային ճանապարհով բեռնափոխադրումներ, բոլոր այս հարցերի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ցանկանում ենք րոպե առաջ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ջերմացնել և այս հարցը լուծել»,- ասել է նա։

ՀՀ վարչապետը և Էրդողանը Պրահայում հանդիպմանը Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները, հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը։

Շեշտվել է երկու երկրի հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---