«Փեթակի» աշխատակիցները ցույցի էին դուրս եկել․ Տեսչական մարմնի որոշմամբ տոնավաճառի աշխատանքը կասեցվել է

«Փեթակի» աշխատակիցները ցույցի էին դուրս եկել․ Տեսչական մարմնի որոշմամբ տոնավաճառի աշխատանքը կասեցվել է

PanARMENIAN.Net - Երևանի «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց՝ առավոտյան, գնալով աշխատավայր, տեսել են, որ դռները փակ են։ Պարզվել է, որ այն հոկտեմբերի 7-ից չի գործելու։

Աշխատակիցները տեղյակ չէին, թե որն է պատճառը, նրանց միայն ասել էին՝ կենտրոնը չի գործելու կառավարության որոշմամբ, գրում է Panorama.am-ը։

Աշխատակիցները նշել են, որ իրենց նախապես պետք է զգուշացնեին, ժամանակ տային, որ մարդիկ հասկանային իրենց անելիքները։ Նրանք միաժամանակ ասել են, որ ըստ տնօրենի, ինքն էլ այդ որոշման մասին իմացել է գիշերը։

Լրագրողի դիտարկմանը, թե ըստ լուրերի, «Փեթակի» պահեստներում ևս կան պայթուցիկ նյութեր և գուցե փակման պատճառը դա է, կենտրոնի աշխատակիցն ասել է, թե դրանք սուտ լուրեր են։

Ավելի ուշ ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ 2021-ին հայտնաբերված խախտումները նախատեսված ժամկետում չեն վերացվել, ուստի որոշում է կայացվել դադարեցնել «Փեթակի» աշխատանքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2021-ի ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտում։ Տեսչական մարմնի կողմից ընկերությանը տրվել էր կարգադրագիր՝ խախտումները վերացնելու վերաբերյալ։ Վերջին կետի կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022-ի հունիսի 23-ը:

Օգոստոսի 22-25-ը տեսչական մարմնի մասնագետները հետազոտություն են իրականացրել ընկերությունում և պարզել, որ կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել և խախտումները չեն վերացվել և որ «նման խախտումներով ընկերության հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար»։

«Ուստի ՔՏՀԱ տեսչական մարմինը որոշում է կայացրել դադարեցնել Երևանի Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ‌

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---