8 հոկտեմբերի 2022 - 12:05 AMT
Անդրանիկ Քոչարյանը Չեխիայի ԱԳՆ ներկայացուցչին տեղեկացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Չեխիայի ԱԳՆ Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխի գլխավորած պատվիրակությանը , որին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման մասին և նշել, որ շնորհիվ միջազգային հանրության հասցեական արձագանքի և ջանքերի՝ հնարավոր է եղել հաստատել փխրուն հրադադար։

Նա երախտագիտություն է հայտնել Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբ։

Քոչարյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է երկու խորհրդարանների միջև համագործակցության խորացումը, գոհունակություն հայտնելով խորհրդարանական բարեկամական խմբերի միջև ակտիվ փոխայցերի վերաբերյալ։ Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման հարցին՝ ակնկալելով միջազգային հանրության՝ այդ թվում Չեխիայի աջակցությունը։

Չեխիայի ԱԳ նախարարության Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար։ Նա նույնպես կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը։

Պոչուխը նշել է, որ Չեխիան, որպես Եվրոպական միության Խորհրդի նախագահությունը ստանձնած երկիր, իր աջակցությունն է հայտնում Հայաստանին։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։