8 հոկտեմբերի 2022 - 15:09 AMT
ԿԱՐԾԻՔ
Փաշինյան-Էրդողան հանդիպումը․ Հայաստան-Թուրքիա օրակարգում բացակայում է Ցեղասպանության թեման

Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպման օրակարգի առաջնային թեմաների մեջ պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը։ Ովքեր էլ լինեին այդ ղեկավարները։ Ցեղասպանության մասին պետք է լինեին հայտարարություններ։ Հայտարարություն՝ առնվազն հայկական կողմից, բայց ոչ։ Փաշինյան-Էրդողան հանդիպմանը Ցեղասպանության թեմային որևէ անդրադարձ չեղավ։ Հայաստան–Թուրքիա օրակարգից Հայաստանի համար կենսական կարևոր այս թեման փաստացի դուրս է նետված։ Ինչպիսի նախահանդիպումային մթնոլորտ էր ստեղծել Թուրքիան, ինչպես էր իրեն պահում Էրդողանը հանդիպման ժամանակ և ինչ հայտարարեց հանդիպումից անմիջապես հետո․․․

Փաշինյանի և Թուրքիայի նախագահի հանդիպման հենց առաջին վայրկյաններին Էրդողանը ցույց էր տալիս, թե սենյակում թելադրողն ով է: Փաշինյանի հետ իր ձեռքսեղմումը լուսանկարողներին շարելով, ապա հրահանգելով ավարտել:

Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները տեղավորվեցին սեղանի շուրջ, լրագրողներին նկարահանելու համար մի քանի վայրկյան տվեցին, որի ընթացքում ոչ ոք ոչինչ չէր խոսում: Հետո փակ հանդիպում՝ մոտ մեկ ժամ:

Ինչ են քննարկել, ինչ են պայմանավորվել՝ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունն առանց մանրամասների էր: Դրանում նշված է․ «Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները։ Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:

Շեշտվել է երկու երկրի հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը»։

Ամենակարևորը՝ Թուրքիայի նախագահի հետ Հայաստան վարչապետի հանդիպումից հետո Հայաստանի կառավարության հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Հայոց ցեղասպանությանը։ Թեև Փաշինյանը կարող էր օգտագործել պահը՝ կանգնել Չեխիայում հավաքված բոլոր լրագրողների տեսախցիկների առաջ ու հայտարարել, որ Ցեղասպանության թեման քննարկել է: Այն էլ Հայաստանի ու արցախահայության անվտանգության թեմայի կողքին: Սա կլիներ տրամաբանական, ընկալելի և արդար բոլորի համար: Բայց փաստացի Հայաստան–Թուրքիա օրակարգից Հայաստանի համար կենսական կարևոր այս թեման դուրս է նետված։

Ցեղասպանության թեման սեղանին չդնելը, հայտարարություններում լռելը կարող են պայմանավորված լինել Թուրքիայի հետ գործընթացին, մթնոլորտին չվնասելու նախատրամադրվածությամբ, բայց մինչև էրդողանի հետ դեմ առ դեմ հանդիպումը Պրահայի կուլիսներում առաջին շփումների տեսանյութերից և լուսանկարներից ակնհայտ էր, որ թուրքական կողմն առնվազն հետաքրքրված չէր նախահանդիպումային բարիդրացիական մթնոլորտը պահպանելով։

Եվ ավելին՝ Փաշինյան–էրդողան հանդիպման նախօրեին Թուրքիայի նախագահականից ուղիղ հրահանգներ ստացող թուրքական առաջատար թերթերը սկսեցին գրել, որ Հայաստանի տարածքի 70 տոկոսն ադրբեջանական հող է, պետք է ուղղակի վերցնել և ոչ թե միջանցք ուզել, այնպես անել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև այլ պետություն՝ Հայաստան չլինի։

Մյուս կողմից Պրահայի միջանցքներում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների թևանցուկ, քահ–քահ ծիծաղելով ճեմելն է՝ լրագրողների, բոլորի ուշադրության առաջ և Թուրքիայի բացեիբաց հայտարարությունները, որ այդ երկիրն անկողմնակալ միջնորդ չէ և թուրք–ադրբեջանական շահերն ուղիղ փոխկապակցված են։

Թուրքիայի նախագահը հենց հանդիպման գիշերը Պրահայում ասուլիս տվեց ու պատմեց՝ Փաշինյանի հետ իր հանդիպումն անցել է անկեղծ մթնոլորտում: Էրդողանն անկեղծորեն ու բոլորի առաջ ասաց, որ այդ հանդիպմանը եղել են պահանջներ:

«Եղել են որոշ պահանջներ, այդ պահանջների վերաբերյալ մեր արտգործնախարարներին և հատուկ ներկայացուցիչներին հանձնարարություններ ենք տվել: Նրանք կհանդիպեն, այդ հանդիպումների արդյունքներով քայլեր կարվեն», – ասաց Թուրքիայի նախագահը:

Հայաստան-Թուրքիա սահման: Էրդողանին հիշեցնում են, որ Թուրքիան պնդում էր՝ փակած սահմանը կբացի, երբ կարգավորվի ղարաբաղի հարցը, հիմա Ալիևը պնդում է, թե կարգավորել է, ինչու սահմանը չի բացվում: Էրդողանը պատասխանում է՝ սահմանը բացելու համար հիմա էլ Թուրքիային ուրիշ բան է պետք:

«Մենք ուզում ենք, որ Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունները կարգավորեք և խաղաղության վերաբերյալ պայմանագիրն անհապաղ կնքեք։ Հենց դա անեք, մեզ հետ որևէ խնդիր չի մնա՝ սահմաննե՞ր են պետք բացել, ուրեմն կբացենք, ընդ որում բոլոր տեսակի՝ օդային, ցամաքային և երկաթուղային», – ասաց Թուրքիայի նախագահը:

Հայաստանի, Ադրբեջանի և խաղաղության պայմանագիր կոչվածի մասին խոսելիս, ինչպես միշտ, աչք էր ծակում Էրդողանի շտապողականությունը: Նա օգտագործել է անհապաղ, րոպե առաջ, որքան հնարավոր է շուտ ձևակերպումները:

Թուրքիայի նախագահի այս ասուլիսի ամենատպավորիչ հատվածը եղել է հույն լրագրողի հարցին պատասխանելիս: Ռեջեփ Թայիփ Էրդողանը եվրոպական ամբիոնից հրապարակային սպառնացել է՝ Թուրքիայի ծայրահեղ ազգայնական հայտնի ֆրազով՝ «Մի գիշեր անսպասելի կգանք» (Bir gece ansızın gelebiliriz):

Հույն լրագրողի հարցին, թե Էրդողանն այսպես սպառնում է, որ կհարձակվի Հունաստանի վրա, Էրդողանը պատասխանել է, թե լրագրողը հասկացավ ինքն ինչ նկատի ունի և հավելել, որ իր այս սպառնալիքն ուղղված չէ միայն Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանին: Տարածաշրջանում խաղաղության մասին ճառող էրդողանը չդիմացավ խաղաղության աղավնու փետուրների ծանրությանը և տասնյակ տեսախցիկների առաջ կրկնեց սպառնալիքը՝ իրենց անհանգստացնող ինչ երկիր էլ լինի՝ պատասխանը մեկն է՝ մի գիշեր անսպասելի թուրքերը կգան:

Անի Ավետյան