8 հոկտեմբերի 2022 - 16:54 AMT
Աղաջանյան․ Արցախցիների անվտանգությունն ապահովելու համար ՀՀ-ն այլևս որևէ ռեսուրս չունի

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Factor TV-ին հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ճակատագրին այն պայմաններում, երբ Պրահայի քառակողմ հանդիպմանը ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ասել է, որ արցախցիների իրավունքների, անվտանգության ապահովման իրացման համար ՀՀ-ն որևէ ռեսուրս չունի։

Նա հավելել է, որ միակ ռեսուրսը միջազգային հանրության ճնշումներն են։

Նա կարևոր է համարել տարածքային ամբողջականության ճանաչումը սկսված բանակցային գործընթացի համար։

«Առանց այս կարևոր և սկզբունքային կետի հնարավոր չէր լինի որևէ բովանդակային քննարկում ծավալել խաղաղության պայմանագրի շուրջ։ Սրանով սկիզբ է դրվում այս գործընթացին, ինչը լավ նորություն է»,-ասել է պատգամավորը։

Պատասխանելով այն հարցին, որ եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Արցախն էլ հե՞տն է ճանաչում Ադրբեջանի մաս՝ Աղաջանյանն ասել է, որ ՀՀ բոլոր իշխանությունները, առանց բացառության, «տարբեր ձևաչափերով, առաջին դեմքի մակարդակով, ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առնվազն վերբալ»։

Ըստ Աղաջանյանի, սա, ըստ էության Արցախի խնդրին ուղղղակիորեն չի առնչվում՝ գործընթացը գնում է այն ուղղությամբ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը տարանջատվում է Արցախի հիմնախնդրի գործընթացից։

«Հղում է արվում Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, որը վավերացվել է 2 պետությունների Ազգային ժողովների կողմից։ Սա փաստ է, որը չի կարելի ժխտել, հետևաբար, սա նոր իրողություն չէ։ Հաշվի առնելով պատերազմական գործողությունները, որոնց միջով Հայաստանն անցավ 44-օրյա պատերազմի ժամանակ, և հետպատերազմյան ժամանակահատվածը, արդիական է դառնում ևս մեկ անգամ արձանագրել, որ պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա։

Ըստ Աղաջանյանի, սա կարևորագույն արձանագրում է ՀՀ համար՝ որ Ադրբեջանը ևս ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Խոսքը գնում է կոնկրետ վերջին էսկալացիայի արդյունքում այն ռազմական իրավիճակի հետևանքների վերացման կարևորության մասին, որի համար լավագույն հիմքերից է ահա այս փաստաթղթին հղում անելը այն հայտարարության մեջ, որը քիչ առաջ նշեցիք․․․»։

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասել է, որ կա որոշակի ըմբռնում ՀՀ-ի և ԱՄՆ-ի մոտ, որ դեմարկացիային և դելիմիտացիային զուգընթաց պետք է ընթանա խաղաղության պայմանագրի մշակումը, ինչը և պետք է զուգորդվի Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ տարածքից դուրս գալու պրոցեսի հետ։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։