10 հոկտեմբերի 2022 - 17:52 AMT
Թագուհի Թովմասյան․ Փաշինյանն Արցախն ընկալում է որպես Քոչարյանի ու Սարգսյանի հայրենիք ու հավասարապես ատում

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում Ադրբեջանի ու Արցախի բանակցությունները, միջազգային ի՞նչ մեխանիզմներով, ասել, որ որևէ կերպ դա չի պատկերացնում։

Նա ասել է, որ եթե մի հոգի չի ուզում Արցախի անունից հանդես գալ, չի նշանակում, որ ամբողջ Հայաստանը հրաժարվում է Արցախից։

«Հիմա ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախն ընկալում է՝ որպես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հայրենիք ու հավասարապես ատում, բայց մենք իրավունք չունենք թույլ տալ, որ այդ վերաբերմունքը շարունակի գերիշխել»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

«Մենք չենք կարող արցախցիներին թողնել բախտի քմահաճույքին ու ասել՝ Ադրբեջանի հետ ինչ բանակցել, ինչ ռեսուրսով: Եթե Արցախը չճանաչված պետություն է, ինչպես պետք է լինի միջազգային հարաբերություններում նրա կարգավիճակը, ուրեմն պետք է առաջին հերթին ճանաչել Արցախը, այնուհետև նոր Արցախն ունենա իրավական կարգավիճակ, հնարավոր լինի սեղանին նստել: ՀՀ-ն պարտավոր է Արցախի պաշտպանությունն իրականացնել, մեր ռազմական դոկտրինում գրված է այդ մասին, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, չնայած 2020-ից հետո հասկացանք, որ իրավիճակն այլ էր, Արցախն էր ՀՀ-ի անվտանգության երաշխավորը․․․Եթե մի հոգի չի ուզում Արցախի անունից հանդես գալ, չի նշանակում, որ ամբողջ Հայաստանը հրաժարվում է Արցախից»,-ասել է պատգամավորը:

Թովմասյանը վստահ է՝ ՀՀ-ն ռեսուրս ունի. «Բա մեր ռեսուրսն ի՞նչ եղավ: Լավ, մենք ռեսուրս չունենք սահմանները պաշտպանենք, դիվանագիտական ասպարեզում ինչո՞ւ ռեսուրս չունենք: Այսինքն, մարդ չկա՞, որ գնա բանակցի: Ինչի Թուրքիայի հարցով կարող են բանագնաց նշանակել, Արցախի հարցով չե՞ն կարող»:

Ըստ պատգամավորի, Հայաստանը պետք է գնա, խնդրի, աղաչի, որ ԵԱՀԿ դե յուրե գործող խումբը գործի դե ֆակտո ու զբաղվի Արցախի հարցով:

«Ադրբեջանի հակված չլինելը երրորդական նշանակություն կունենա այս դեպքում»,-ասել է նա:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, անդրադառնալով այն հարցին, որ քառակողմ հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին և ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ասել է, որ Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը հարցը քննարկել Հայաստանի հետ:

Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: