10 հոկտեմբերի 2022 - 17:59 AMT
Լուկաշենկո․ Բելառուսն ու Ռուսաստանը զորքերի միացյալ տարածշրջանային խմբավորում են ծավալում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Միութենական պետության արևմտյան սահմաններին իրավիճակի սրման կապակցությամբ, Բելառուսն ու Ռուսաստանը զորքերի միացյալ տարածաշրջանային խմբավորում են ծավալում։

«Ամեն ինչ մեր փաստաթղթերի համաձայն է։ Եթե սպառնալիքի մակարդակը հասնում է այս մակարդակի, ինչպես հիմա, մենք սկսում ենք գործի դնել Միութենական պետության խմբավորումը»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Լուկաշենկոն հավելել է, որ խմբավորման ձևավորումը սկսվել է երկու օր առաջ իր կարգադրությամբ՝ այդ մասին խոսք է գնացել հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո Լուկաշենկոյի և Պուտինի հանդիպմանը։

«ՌԴ ԶՈւ-ից մեծ քանակի մի սպասեք, բայց դա մեկ հազար մարդի չի լինելու։ Պատրաստ եղեք առաջիակյում ընդունել այդ մարդկանց և տեղավորել այնտեղ, որտեղ պետք է, ըստ մեր պլանի»,-ասել է Լուկաշենկոն անվտանգության խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ։

Բելառուսի նախագահն ասել է նաև, որ «Արևմուտքի գլխավոր նպատակն է ներքաշել Մինսկին պատերազմի մեջ և հաշվեհարդար տեսնել ՌԴ և Բելառուսի հետ»։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան հրդեհ էր բռնկվել Ղրիմի կամրջի հատվածներից մեկում։ Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունից դա բացատրել էին բեռնատար գնացքի վերջնամասում վառելիքով վագոն-ցիստեռնի բռնկմամբ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ պատճառը վառելիքով բեռնատարի պայթյունն է եղել։ Կամրջի մի հատվածը փլուզվել, սակայն օրվա վերջում արդեն երթևեկությունը վերականագնվել է։ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ պայթեցման կազմակերպմանը մասնակցել են ինչպես ուկրաինական հատուկ ծառայությունները, այնպես էլ ՌԴ և արտասահմանյան երկրների քաղաքացիներ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթյունն ահաբեկչություն է, «ուղղված կրիտիկական կարևորության քաղաքացիական ենթակառուցվածքի փլուզմանը»։