10 հոկտեմբերի 2022 - 18:36 AMT
Սիմոնյանը Մոսկվայում առաջարկել է անվտանգության խնդիրները քննարկել ՌԴ-ՀՀ-Ադրբեջան խորհրդարանական ձևաչափով

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը հանդես է եկել տարածաշրջանային անվտանգության հարցերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափի շրջանակում քննարկելու նախաձեռնությամբ։ Վոլոդինը հավանություն է տվել այդ առաջարկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Վոլոդին կարևորել է աշխատանքի ակտիվացումը ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ քաղաքական խմբակցությունների և պրոֆիլային կոմիտեների գծով։

Ըստ Վոլոդինի, հատուկ ուշադրություն է պետք հատկացնել փոխգործակցությանը ՀԱՊԿ խորհրդարանական ձևաչափով գործակցությանը։

‌Վոլոդինն ու Սիմոնյանը պայմանավորվել են կրկին հանդիպել հոկտեմբերի 11-ին՝ քննարկելու աշխատանքի արդյունքները։

Վոլոդինի հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը, Սիմոնյանը նշել է, որ կազմակերպությունը չի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային արձագանքել օպերատիվ և արդյունավետ:«Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի»,- ընդգծել է ԱԺ նախագահը: ‌