13 հոկտեմբերի 2022 - 12:17 AMT
ԱՄՆ Պետդեպ․ Մտահոգված ենք գերեվարվածների հանդեպ բռնության վերաբերյալ նոր հաղորդագրություններով

ԱՄՆ Պետական դեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի բաժինը խորը մտահոգություն է հայտնել սեպտեմբերին գերեվարված զինծառայողների հանդեպ բռնության մասին նոր հաղորդագրություններով։ Այդ մասին ասվում է Twitter-ի գրառման մեջ։

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով հոկտեմբերի 11-ին Տելեգրամ ալիքներում տարածված հայ գերիներին խոշտանգելու նոր տեսանյութին, ասել է, որ տեսանյութը նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերյան հարձակման օրերին Վերին Շորժայի դիրքերից մեկում։

«Խորապես մտահոգված ենք սեպտեմբերի 12-14-ի մարտերի ժամանակ ռազմագերիների հանդեպ բռնության մասին նոր հաղորդագրություններով։ Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն լիարժեք և անաչառ հետաքննության արդյունքում։ Հոկտեմբերի 4-ին Բաքվի կողմից 17 ռազմագերու հայրենադարձումը զգալի և դրական քայլ էր»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։ Տեսանյութն արժանացել է միջազգային հանրության դատապարտմանը։ ՀՀ-ն միջանկյալ միջոց կիրառելու հայց է ներկայացրել ՄԻԵԴ։