Դումանյանը հաստատել է Բրյուսովի միավորումը․ «Բուհերը կմնան իրենց տեղում մինչ ակադեմիական քաղաքի գաղափարն իրականացվի»

Դումանյանը հաստատել է Բրյուսովի միավորումը․ «Բուհերը կմնան իրենց տեղում մինչ ակադեմիական քաղաքի գաղափարն իրականացվի»

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաարար Վահրամ Դումանյանը հաստատել է, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը կմիանա Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու կդառնա Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։ Դումանյանն այս մասին հայտնել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Նրա խոսքով` ոչինչ կտրուկ չի փոխվելու, բուհերը կմնան իրենց տեղերում այնքան ժամանակ, քանի դեռ չի իրագործվել ակադեմիական քաղաքի գաղափարը, որից հետո բոլորը կունենան ավելի լավ պայմաններ, գրում է Sputnik Արմենիան։

«Կառավարությունը շրջանառում է այն որոշումը, ես բացահայտ եմ ասում` այո՛, շրջանառվում է երեք բուհերի միավորման նախագիծը, համապատասխան կարգով որոշում կկայացվի ու կանցնենք առաջ»,–ասել է Դումանյանը։

Նա հավելել է, որ պրոֆեսորադասախոոսական կազմից որևիցե հաստիք չի կրճատվելու։

«Պարզ է` երկու ռեկտորի հաստիք պակաս կլինի։ Բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։ Երեք շենքերն էլ պահպանվելու են, բոլորն էլ մնալու են այնտեղ, որտեղ կան, ոչ մի տեղափոխություն չի լինելու»,–ասել է նա։

Անդրադառնալով Բրյուսովի ուսանողների դասադուլին` նախարարը հայտարարել, որ զարմացած է բուհի ռեկտորի այն հայտարարությունից, թե իրենք տեղյակ չէին այդ մասին։

«Բուհերի խոշորացման կարգը չի ենթադրում ծանուցում, սակայն մենք այդպես չենք առաջնորդվում մեր աշխատանքում։ Զարմացած եմ ռեկտորի նման հայտարարությունից, որ իր համար դա եղել է անակնկալ։ Քննարկումն այդ հարցի շուրջ եղել է օգոստոսի 5–ին, և բուհերի ռեկտորների հետ անձամբ ես եմ հանդիպել և ասվել է, որ կա նման գաղափար, և դա նոր չէ, տարիներ շարունակ այդ մասին խոսվել է, և ես հայտարարել եմ, որ հնարավոր է` դա մտնի գործնական փուլ»,–ասել է Դումանյանը։

Նա հայտնել է, որ Բրյուսովի համալսարանի ռեկտորի հետ քննարկել է նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը, որը ենթադրում է, որ կարգի համաձայն` հոկտեմբերին պետք է մրցույթ հայտարարվի։

«Ես ասել եմ, քանի որ մենք նման գաղափար ունենք, որքանով է հիմնավորված, եթե մենք գնանք այդ ճանապարհով, որքանով է նպատակահարմար մրցույթ անցկացնել, եթե պետք է այդպիսի գործընթաց սկսենք։ Մեզ բուհից ասացին` միգուցե այլ կոնցեպտ քննարկենք, մենք էլ ասել ենք, որ բաց ենք, հաճույքով ցանկացած գաղափար կքննարկենք։ Մեզնից մեկ շաբաթ ուզեցին կոնցեպտ ներկայացնելու համար, բայց մինչ օրս սպասում ենք»,– ասել է նա։

Դումանյանի խոսքով` ապագայում, կրթական ռազմավարության համաձայն, երբ Հայաստանում կստեղծվեն մինչև 8 բուհեր, կվերանայվեն մասնագիտությունների ցանկը, որպեսզի 3–4 բուհում չլինի նույն մասնագիտությունից ու ֆակուլտետից։

Ավելի վաղ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի մոտ ուսանողներն ու դասախոսները բողոքի ակցիա են իրականացրել՝ բողոքելով այն նախագծի դեմ, որով նախատեսում են փակել համալսարանը՝ միացնելով այլ բուհերի։

Սեպտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ հարկավոր է բուհերի խոշորացման գնալ, որի արդյունքում կունենաք 8 պետական բուհ, որոնք էլ ժամանակի ընթացքում կտեղափոխվեն Աշտարակ, որտեղ կլինի ակադեմիական քաղաքը։ ՀՀ-ում գործում է 16 պետական բուհ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---