13 հոկտեմբերի 2022 - 18:27 AMT
Զուրաբյան. Կամ ռուսները ստում են, կամ Հայաստանը ՀԱՊԿ նիստ չի կազմակերպել

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը, գրել է, որ կամ ռուսները ստում են և Հայաստանը դեռ մեկ ամիս առաջ հստակ ժամկետով նշանակել է ՀԱՊԿ նիստ, կամ Հայաստանը նման նիստ չի կազմակերպել։

«Եթե մի կողմ դնենք Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի խրոխտ «մուննաթը» (որի համար չգիտես ինչու ուրախացել են հայ լսարանի սրտները հովացնող ցուցադրական պոզան արդյունավետ դիվանագիտությունից էդպես էլ չտարբերող մարդիկ), ապա այսօր, հոկտեմբերի 13-ին, Միրզոյան-Լավրով հանդիպումից հրապարակված դրվագի չոր դիվանագիտական արդյունքը հետևյալն է.

1. Լավրովն ասել է, որ Հայաստանի դիմումից անմիջապես հետո ՀԱՊԿ-ը գագաթնաժողով է հավաքել, Հայաստան ուղարկել կազմակերպության գլխավոր քարտուղարին և շտաբի ղեկավարին, որոնք մեկ ամիս կամ մեկ ամսից ավելի է, ինչ առաջարկել են դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանային տարածք, սակայն դա տեղի չի ունեցել միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ի նախագահող երկիրը՝ Հայաստանի մինչև հիմա «ազատ ժամանակ» չի գտել համապատասխան նիստ կազմակերպելու համար։

2. Միրզոյանը հակադարձել է, ասելով, որ փորձել են ՀԱՊԿ նիստ հրավիրել, բայց մասնակիցների ժամանակացույցերը դա թույլ չեն տալիս։

3. Լավրովն ասել է, որ կոնկրետ ժամկետով առաջարկ չեն ստացել, և որ ամեն պահի պատրաստ են օնլայն ռեժիմով նման գագաթնաժողով ունենալ։

Եվ այսպես, երկու տարբերակ է հնարավոր.

Կամ՝ ռուսները ստում են, և Հայաստանը դեռ մեկ ամիս առաջ հստակ ժամկետով նշանակել է ՀԱՊԿ֊ի նիստ՝ դիտորդական առաքելության ուղարկման օրակարգով, որին ռուսները և կազմակերպության մյուս անդամները չեն արձագանքել, բայց Միրզոյանը դա չբացահայտեց (իսկ դա ապացուցելը շատ հեշտ է, եթե կան համապատասխան փաստաթղթեր)։

Կամ՝ Հայաստանը նման նիստ չի կազմակերպել և առիթ է տալիս ՀԱՊԿ֊ին իր անընդունելի պասիվության համար մեղադրել նախագահող Հայաստանին։

Երկու դեպքում էլ մենք գործ ունենք Հայաստանի հերթական դիվանագիտական ապաշնորհության և պարտության հետ, ինչն առավել անհասկանալի է դարձնում Միրզոյանի պահվածքի վերաբերյալ Փաշինյանի կողմնակիցների հրճվանքը»։

Միրզոյանը, ներկայացնելով իրավիճակը Լավրովին, ասել է, որ Ադրբեջանի ախորժակը գնալով աճում է և «խոսքն արդեն միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, թեև այնտեղ խնդիրները մնում են չլուծված, այլ նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների»։ Հիշեցնելով, որ հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Միրզոյանն ասել է․ «Որոշ, կարելի է ասել չեզոք, ոչ այնքան բարեկամ երկրներ, որոնց հետ չունենք բարեկամության և դաշնակցության այսպիսի երկար պատմություն, հանդես են եկել հայտարարություններով, որոնք առավել հստակ և օբյեկտիվ էին արտացոլում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»:

Ընթերցեք նաև․ Միրզոյանը՝ Լավրովին․ Ադրբեջանի ախորժակը գնալով աճում է՝ խոսքն արդեն միայն ԼՂ մասին չէ, այլև ՀՀ ինքնիշխան տարածքի