15 հոկտեմբերի 2022 - 12:46 AMT
Հայտնի է ՀՀ ժամանող ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության կազմը

Հայտնի են դարձել հաջորդ շաբաթ ՀՀ ժամանող ԱՄՆ կոնգրեսականների անունները։ Բարձրաստիճան պատվիրակության կազմում ընդգրկված են կոնգրեսականներ Անդի Լևինը, Ջիմ Կուպերը, Բիլի Լոնգը, Դիանա Դեգեթը, Գարի Քոնոլը, Ջոն Գարամենդին, Դեյվիդ Փրայսը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Հանձախումբը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներին սպասվող այցի համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով այցին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ի տարբերություն ավելի վաղ ՀՀ այցելած Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության, այս կոնգրեսականները հայամետ դիրքավորում չունեն, նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ:

Սեպտեմբերին պաշտոնական այցով Երևան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում էին կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնը, Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։