ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնում պարզել են, որ ցիանոբակտերիաները կարող են համարվել էներգիայի այլընտրանքային աղբյուր

ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնում պարզել են, որ ցիանոբակտերիաները կարող են համարվել էներգիայի այլընտրանքային աղբյուր

PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողների հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Սևանա լճի ցիանոբակտերիաները, ինչպես նաև միկրոջրիմուռները կարող են համարվել ճարպաթթուների հարուստ աղբյուր և էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր։

«Ցիանոբակտերիաները կամ կապտականաչ ջրիմուռները պրոկարիոտ գրամ-բացասական բակտերիաների մեծ բաժին են, որոնք կատարում են ֆոտոսինթեզ՝ արդյունքում արտազատելով մոլեկուլային թթվածին։ Այս միկրոօրգանիզմները, ինչպես և կանաչ միաբջիջ միկրոջրիմուռները, համարվում են լիպիդների ստացման հեռանկարային աղբյուրներից մեկը և ունեն օգտագործման մեծ հնարավորություն կենսաէներգետիկայում։ Ցիանոբակտերիաների վրա հիմնված կենսավառելիքը, ի տարբերություն էներգիայի այլ աղբյուրների, էկոլոգիապես ամենամաքուր և վերականգնվող ռեսուրսներից մեկն է»,- ասել է հետազոտության գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Այլընտրանքային Էներգիայի աղբյուրների լաբորատորիայի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Վիգեն Գոգինյանը:

Նա նշել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսումնասիրված ցիանոբակտերիաների լիպիդները սովորաբար պարունակում են ճարպաթթուներ, որոնց շղթայի երկարությունը չի գերազանցում 18 ածխածնի ատոմը, բացառությամբ Microcystis sp Pc-001 շտամի, որը սինթեզում է բավական մեծ քանակությամբ դոկոզադիենաթթու C22:2n6 (6,25%)։

«Կարելի է եզրակացնել, որ ցիանոբակտերիաները, ինչպես նաև միկրոջրիմուռները կարող են համարվել ճարպաթթուների հարուստ աղբյուր և էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր»,- ասել է Գոգինյանը:

Ցիանոբակտերիաներն ունակ են արտադրել այլ արժեքավոր կենսաբանական ակտիվ միացություններ շատ ավելի արագ և մեծ քանակությամբ։ «Այս միկրոօրգանիզմների վրա հիմնված պատրաստուկները, որպես կանոն, ունեն բազմակողմանի ազդեցություն և արտադրական ցածր ինքնարժեք։ Բնության մեջ ցիանոբակտերիաները միշտ հանդիպում են այլ բակտերիաների հետ համակեցության ձևով, և դա հնարավորություն է տալիս ստեղծելու արհեստական ասոցիացիաներ, որոնք օժտված կլինեն օգտակար և ցանկալի կենսաբանական հատկություններով»,- նշել է Գոգինյանը:

Հետազոտությունն իրականացվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորման շրջանակներում: Հետազոտական աշխատանքներին մասնակցել են կենտրոնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Բաղիշ Հարությունյանը, կրտսեր գիտաշխատող Լուսինե Սաղաթելյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---