18 հոկտեմբերի 2022 - 13:03 AMT
ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Կոնգրեսականներին ուղեկցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը։

Հյուրերը ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել սուրբ նահատակների հիշատակը:

Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը:

Սեպտեմբերին պաշտոնական այցով Երևան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում էին կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնը, Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։