18 հոկտեմբերի 2022 - 14:55 AMT
Փրայսն անթույլատրելի է համարում Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և կարևորել Միացյալ Նահանգների ու, առհասարակ, միջազգային հանրության համարժեք և հասցեական արձագանքը:

Փրայսն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումն ու նշել ադրբեջանական ստորաբաժանումների՝ անհապաղ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը: Նա դատապարտել է հայ զինվորների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից անմարդկային վերաբերմունքն ու գործողությունները: Միաժամանակ, նա կարևորել է մինչ օրս Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի ապահովումը:

Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերն այդ հարցում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Վարչապետը շեշտել է նաև Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների անվտանգության ու իրավունքների ապահովման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել նաև ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

Փաշինյանն ընդգծել է նաև հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիները միանշանակորեն ընտրել են ժողովրդավարության ուղին և ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների հարուստ օրակարգը: Վարչապետի խոսքով՝ վերջին շրջանում հայ-ամերիկյան ինտենսիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելություններն էապես նպաստում են ռազմավարական երկխոսության շարունակական զարգացմանը:

Դեյվիդ Փրայսը ողջունել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը միտված հետևողական քայլերը: Նա ևս ընդգծել է հայ-ամերիկյան սերտ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը՝ ի նպաստ տարբեր ոլորտներում կապերի զարգացման ու ամրապնդման:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Սեպտեմբերին պաշտոնական այցով Երևան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում էին կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնը, Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։