18 հոկտեմբերի 2022 - 16:28 AMT
Պապիկյանը Հնդկաստանի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է գործակցության ընդլայնումը

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այդ երկրի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ հանդիպմանը քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել գործակցության ներկա մակարդակով, քննարկել երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական աշխատանքի մի շարք հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Հանդիպման ավարտին Պապիկյանն իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով այցելել Հայաստան։

Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաև Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։

Նշվում էր նաև, որ մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։