18 հոկտեմբերի 2022 - 17:45 AMT
ԱԳ նախարար․ Եթե Չավուշօղլուն իր կողմից է հավելում միջանցքի բաղադրիչը, լավ կլինի իր անունից ասի

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» մասին թուրքական կողմի պնդումներին, ասել է, որ բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է․ «Ադրբեջանը իրավացիորեն ասում է, որ Լաչինի միջանցքը և Զանգեզուրի միջանցքը պետք է ունենան նույն կարգավիճակը»։

«Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի, որ իր անունից ասի։ Ադրբեջանն այդպիսի բան չի ասում», - ասել է Միրզոյանը՝ արձագանքելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, գրում է Aysor.am-ը։

Միրզոյանն ասել է նաև, որ որևէ կողմ իրավացիորեն չի էլ կարող այդպիսի բան պնդել, որովհետև կարգավորումները տրված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, իսկ հետագայում՝ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ երկխոսությանը՝ նախարարն ասել է, որ շահագրգռված են երկխոսության հաջող ավարտով։ ‌