18 հոկտեմբերի 2022 - 18:09 AMT
ԱԺ-ում ամերիկյան կողմն անթույլատրելի է համարել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունները

Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունները: Այդ մասին ասվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ-ում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հանդիպման ժամանակ:

Կողմերը քննարկել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքները:

ԱԺ նախագահը նշել է. «Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն, այնուամենայնիվ, դրանից հետո ևս ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը»:

Նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին, այդ թվում` բազմաթիվ կոնգրեսականների` վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու, ինչպես նաև Միացյալ Նահանգների միջնորդությամբ վերջերս Հայաստան վերադարձված 17 ռազմագերու համար: Կողմերն անդրադարձել են Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին և Ադրբեջան-Թուրքիա ծավալապաշտական նկրտումներին:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ փոխգործակցությունը բոլոր մակարդակներում: Նա կարևորել է մեր երկրի համար ծանրագույն շրջանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսությանը և խորհրդարանական դիվանագիտությանը: Ալեն Սիմոնյանի խոսքով` ՀՀ ԱԺ անդամակցությունը Կոնգրեսի երկկուսակցական House Democracy Partnership հանձնախմբին շատ կարևոր է: Նա ընդգծել է, որ այս այցը կարևորագույն նշանակություն ունի համագործակցության այս ձևաչափի շարունակականության համար:

Հայկական կողմը բարձր է գնահատել նաև Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքը, այդ թվում` Հայաստանին աջակցելու ծրագրերում, Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, առևտրային նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Հանդիպմանը քննարկվել են օրենսդիր-գործադիր հարաբերությունները, խորհրդարանական ընդդիմությանը, որոշումների կայացման մեխանիզմներին առնչվող հարցեր:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։