18 հոկտեմբերի 2022 - 18:11 AMT
Սոթքում և Կութում վերանորոգվում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված բնակարանները

Սոթքում և Կութում սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից տրամադրված համապատասխան ֆինանսական միջոցներով։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացել է աշխատանքների ընթացքին։ Այդ մասին մարզպետը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Սոթքում ադրբեջանական հրետակոծությունից վնասված 86 բնակարանի սեփականատերերին բնակարանների վերականգնման նպատակով տրամադրվել է գույքագրմամբ նախատեսված գումարի չափի 50 տոկոսը։ Մնացած գումարը կտրամադրվի շինարարական աշխատանքների ընթացքում։

Այս պահին աշխատանքներ են ընթանում 27 բնակարանում, մնացածների մասով աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում։

«Բնակարանների վերականգնման, ինչպես նաև տեղահանված բնակչության վերադարձի խնդիրները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Շինարարության ընթացքում ի հայտ եկած ցանկացած խնդրի համար մենք կգտնենք համարժեք լուծում, որպեսզի մարդիկ օր ու ժամ առաջ անցնեն բնականոն կյանքի։

Կութում վերականգնման աշխատանքներ այժմ ընթանում են վնասված 5 բնակարանում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ և ընթանում են առանց խոչընդոտների։ Նորոգվում են վնասված տանիքները, առաստաղները, պատերն ու պատշգամբները, տեղադրվում են նոր պատուհաններ»,- ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։