18 հոկտեմբերի 2022 - 18:59 AMT
ՀՀ-ն և Բուլղարիան հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ ստեղծելու հուշագիր են ստորագրել

Բուլղարիա պետական այցի շրջանակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ստորագրել են ՀՀ և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների մասին հայտարարություն։

Այնուհետև ստորագրվել է Հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ հիմնադրելու մասին հուշագիր․ հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Տեղի է ունեցել Վահագն Խաչատուրյանի և Ռումեն Ռադևի առանձնազրույցը, ինչին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Ողջունելով Հայաստանի պատվիրակությանը՝ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը կարևորել է նախագահ Խաչատուրյանի այցը՝ ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը։ Նախագահ Ռումեն Ռադևը նշել է, որ Բուլղարիան հետաքրքրված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ամեն ոլորտում բազմաչափ համագործակցության հետագա ընդլայնմամբ:

Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ իր գլխավորած պատվիրակության Բուլղարիայի Հանրապետություն պետական այցը լավագույնս վկայում է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին, հարաբերություններ, որոնք խարսխված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա:

Նախագահը նշել է, որ այս տարին նշանավորվում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով և դա լավ առիթ է՝ գնահատելու անցած ուղին, ձեռքբերումները, մատնանշել չօգտագործված ներուժն ու հնարավորությունները և դրանք լիարժեք օգտագործելու պայմաններ ստեղծել։

Հանդիպմանը քննարկվել են հայ-բուլղարական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ համագործակցության լայն հնարավորություններ կան մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում։ Նշվել է նաև, որ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ոլորտային համագործակցությունը հարստացնելու լավ հարթակ է:

Կողմերը անդրադարձել են անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծելով, որ առանց կայուն ու տևական խաղաղություն հաստատելու՝ զարգացում ապահովելը դժվար կլինի։ ‌