20 հոկտեմբերի 2022 - 16:17 AMT
ԱԽ քարտուղարը բրիտանացի գեներալի հետ քննարկել է անվտանգության ոլորտում գործակցության հեռանկարները

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները և ուղիները:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները: Քարտուղարը նաև ընդգծել է Հայաստանի նպատակադրվածությունը տարածաշրջանում հասնելու կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանը:

Հանդիպմանը ներկա էր Միացյալ Թագավորության դեսպան պարոն Ջոն Գալագերը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։