20 հոկտեմբերի 2022 - 17:28 AMT
Ադրբեջանի հանրայինի եթերում երեխաները «ծաղրել են» Մակրոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ France2-ի եթերում ի սատարումն Հայաստանի արված հայտարարություններից հետո, Ադրբեջանում հակաքարոզ է սկսվել նրա դեմ, որին Բաքուն չի խորշում մասնակից դարձնել անգամ երեխաներին։

Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի հանրային հեռուստատեսության եթերում տարրական դասարանների տարիքի երեխաները հաղորդավար Ազիզ Ալիևի գլխավորությամբ բեմադրել են խորհրդային շրջանի հայտնի ֆիլմից` «Բուրատինոյի արկածներից» մի դրվագ՝ փոխելով երգի բառերը։ Տեսանյութը տարածվել է նաև սոցցանցերում։

Հաղորդավարը երգում է Մակրոնի «հայամետ, լինելու մասին՝ մեղադրելով նրան կեղծիքների և թուրքատյացության մեջ, ամեն անգամ հարցնելով՝ ո՞վ է այդ մարդը, իսկ երեխաները, որպես կրկներգ, նրա հետևից կրկնում են՝ Էմանուելը։

Մակրոնն ասել էր, որ սեպտեմբերին Ադրբեջանը մի քանի հարձակողական գործողություն է նախաձեռնել սահմանին՝ «հավանաբար, իր տարածքի մի մասից դեպի մյուսը միջանցք բացելու մտադրությամբ։ «Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվեց. դա միջազգայնորեն չճանաչված և վիճելի տարածք է։ Ադրբեջանը սարսափելի պատերազմ սանձազերծեց՝ բազմաթիվ զոհերով, սարսափելի տեսարաններով, և գրավեց այդ տարածքը»,-ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Ֆրանսիան միայնակ չի թողնի Հայաստանին և հայ ժողովրդին։