20 հոկտեմբերի 2022 - 21:30 AMT
«Սև Ադամը» KinoPark-ում է․ DC Comics-ի հակահերոսը փորձելու է վերականգնել նաև կինո գնալու ավանդույթը

KinoPark-ն էքսկլյուզիվ հնարավորություն է ստացել Հայաստանում առաջին անգամ ցուցադրելու DC Comics-ի համանուն «Սև Ադամ» (Black Adam) ֆիլմը, հոկտեմբերի 19-ին կայացավ դրա փակ նախադիտումը՝ լրագրողների, բլոգերների, ինֆլյուենսերների համար։

«Սա, կարելի է ասել, մեր առաջին վերածնունդն է Covid-ից հետո։ Սկսել ենք «Սև Ադամ» ֆիլմով, որը կոմիքսների ժանրից է և յուրահատուկ, քանի որ մեկ սուպերհերոսի մասին է պատմում։ Մենք այս էքսկլյուզիվ հնարավորությունը դիստրիբյուտորների կողմից ենք ստացել։ Հույս ունենք, որ մեր այս նախաձեռնությունը կուրախացնի ժանրի սիրահարներին և կվերականգնի կինոթատրոն հաճախելու բարի ավանդույթը»,-ասում է KinoPark-ի տնօրեն Արեգ Դանիելյանը։

Նա նշում է՝ նախկինում KinoPark-ի համար սովորական և հաճախակի կրկնվող փակ նախադիտումների կազմակերպումը անհնար էր դարձել Covid 19-ի ու պատերազմի պատճառով:

«Երկարատև դադարից հետո առաջին անգամ ենք փակ նախադիտում կազմակերպում, վերակենդանացնում ենք այդ միջոցառումը և փորձում վերագտնել նախկին ռիթմը։ Պատերազմական իրավիճակի պատճառով՝ դադարեցրել էինք նման միջոցառումների կազմակերպումը, որովհետև ինչ-որ տեղ դա ոչ պարկեշտ էինք համարում։ Բայց կինոսերների համար կամաց-կամաց վերադառնում ենք, ուզում ենք ասել, որ այստեղ ենք, կանք և ցանկություն ունենք վերականգնելու այս բարի ավանդույթը՝ կրկին ուղղորդելու մեր շատ սիրելի հյուրերին դեպի KinoPark և, առհասարակ, դեպի կինոթատրոններ»,- ասում է KinoPark-ի տնօրենը։

Իսկ մինչ այդ «Սև Ադամի» մեծ պաստառի կողքին հավաքված առաջին հանդիսականները ներս են մտնում՝ դիտելու հատուկ իրենց համար կազմակերպվող նախադիտումը՝ բացահայտելու DC Տիեզերքի ադրենալինով և դինամիկայով լի մի նոր ուղղություն։

Ֆիլմը հատկապես հետաքրքրելու է DC կոմիքսների սիրահարներին, այն իր տեսակի մեջ հեղափոխական հակահերոսի մասին է, որին մարմնավորել է Դուեյն Ջոնսոնը։ Կինոֆրանշիզայի վերջին մասում Ջոնսոնը DC-ի ընդլայնված Տիեզերքում՝ անխիղճ, գերունակություններով օժտված արկածախնդիր հակահերոսի է մարմնավորում, որը վերածնվում է մեր օրերում՝ մարդուց դառնալով առասպել։

Warner Bros-ի թողարկած ֆիլմը հոկտեմբերի 20-ից հասանելի կլինի նաև հանդիսատեսին․ ֆիլմը դիտելու պատճառներից մեկն էլ այն է, որ գլխավոր հերոսն այս անգամ իսկապես դուրս է «մկանոտ, բարի, ամենահաս ու ոսկե սիրտ ունեցող» կերպարից՝ այս Տիեզերքին հաղորդելով նոր դինամիկա ու շատ ադրենալին։

KinoPark-ից նշում են՝ ֆիլմի՝ հոկտեմբերի 12-ին կայացած նյույորքյան ցուցադրության արձագանքներից կարելի է ենթադրել՝ «Դուեյնը փայլուն է ներկայանում հակահերոսի կերպարում, իսկ վիզուալ էֆեկտները ֆիլմին հաղորդում են վառ տպավորություններ»։