21 հոկտեմբերի 2022 - 16:55 AMT
Կլաար․ Ղարաբաղի հայ բնակչության ապագան պետք է լրջորեն քննարկվի, Բաքուն պետք է բնակչության հետ երկխոսության մեջ ներգրավվի

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը NEWS.am-ին տված բացառիկ հարցազրույցում, ներկայացնելով Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության ապագայի հարցում, ասել է, որ Ղարաբաղի հայկական բնակչության ապագան պետք է լրջորեն քննարկվի. Բաքուն պետք է Ղարաբաղի հայ բնակչության հետ կառուցողական ու թափանցիկ երկխոսության մեջ ներգրավվի։

«Բոլորս տեղյակ ենք՝ ինչպես է սկսվել հակամարտությունը, և մենք նաև տեղյակ ենք հայկական կողմի բարձրաձայնած մտահոգությունների մասին։ Ղարաբաղի հայկական բնակչության ապագան պետք է լրջորեն քննարկվի, և մենք խնդրի վերաբերյալ պարբերաբար մտքեր փոխանակում են Ադրբեջանի և Հայաստանի մեր զրուցակիցների հետ։ Ծայրաստիճան կարևոր է, որ Ղարաբաղի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակի կայուն մնալ, վստահության միջավայր ստեղծվի, որպեսզի տեղի բնակչությունը կարողանա պատկերացնել իր խաղաղ ապագան, երկու կողմերի ակտիվ բանակցությունների արդյունքում հնարավոր լինի գործնական լուծումներ գտնել և, ի վերջո, սկսվի հաշտության գործընթացը։ ԵՄ-ն՝ այդ թվում ամենաբարձր մակարդակում, հստակ նշել է, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքները Հարավային Կովկասի խաղաղ ապագայի հիմնական բաղադրիչն են լինելու»,-ասել է նա։

Կլաարին նաև հարցրել են, թե ի՞նչ դիրքորոշում ունի Եվրամիությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պե՞տք է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրի մաս կազմի։

«Մենք ծանոթ ենք Հայաստանի իշխանությունների՝ այս հարցի վերաբերյալ վերջերս արտահայտած այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղին վերաբերող հարցերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից առանձին պետք է քննարկել։ Լսել ենք նաև այս հարցի շուրջ Բաքվից հնչած հայտարարությունները։ Նախ և առաջ անհրաժեշտ է, որ Բաքուն համապարփակ ռազմավարություն մշակի և Ղարաբաղի հայ բնակչության հետ կառուցողական ու թափանցիկ երկխոսության մեջ ներգրավվի։ Լուծումը, որը կերաշխավորի Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, բխում է թե՛ տեղի բնակչության, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ միջազգային հանրության շահերից»,-ասել է նա։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 15-ին Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասել է, որ «Ղարաբաղի հարցով որոշումները շատ դեպքերում չեն բավարարելու հայկական կողմի ցանկությունները», քանի որ փոխվել է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը։