21 հոկտեմբերի 2022 - 17:44 AMT
Իրանի հյուպատոսը՝ Կապանում․ Չանհանգստանաք, ես Կապանում եմ

Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը շեշտել է, որ Իրանը ցանկանում է տեսնել խաղաղ ու զարգացած Հայաստան, որը նաև իր երկրի շահերից է բխում։

«Մեր պատգամը խաղաղության և բարեկամության պատգամ է։ Ես Կապանի բնակչության համար ևս մեկ անգամ շեշտում եմ` չանհանգստանաք, ես Կապանում եմ»,– ասել է հյուպատոսը, գրում է Sputnik Արմենիան։

Վարամինը, պատասխանելով Սյունիքում ադրբեջանական ԶՈւ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին հարցին, ասել է՝ Իրանը պաշտոնապես չի ճանաչելու սահմանների որևէ փոփոխություն։

Իրանցի դիվանագետը հույս է հայտնել, որ տարածաշրջանի որևէ երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել։

«Հակառակ դեպքում ԻԻՀ–ի կողմից համարժեք հակազդեցություն կցուցաբերվի»,– վստահեցրել է Վարամինը։

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ և ԻԻՀ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Միրզոյանն իր խոսում անդրադարձել է Սյունիքի նշանակությանը և մարզում հյուպատոսություն ունենալու Թեհրանի որոշման կարևորությունը։

«Ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում, գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը»,- ասել է նա:

Աբդոլլահիանը հատուկ ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդները հազարամյա հարաբերություններ ունեն:

«Ուզում եմ Կապանի հարգարժան և հյուրընկալ քաղաքացիների ներկայությամբ հայտարարել, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը: Մեր քաղաքականությունն է՝ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- ասել է նա։

Աբդոլլահիանը շեշտել է, որ Սյունիքի մարզը Հյուսիս-Հարավ ճանապարհի կարևորագույն հատվածներից մեկն է։ Նա ընդգծել է՝ հյուպատոսության աշխատակիցների հետ միասին կանեն ամեն ինչ, որպեսզի տարանցիկ ուղով կատարվող ապրանքափոխադրումներն ու ուղևորափոխադրումներն առավել զարգանան։

Աբդոլլահիանը Երևանում Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ԻԻՀ համար անընդունելի են տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները, կձեռնարկեն բոլոր քայլերը՝ դիմակայելու անգամ նման մտադրությանը: