21 հոկտեմբերի 2022 - 18:19 AMT
Ռուս նախարար․ ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը 2022-ին աճել է 60%-ով

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը «Ինտելեկտուալ հարթակ» միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանի Ռազմավարական զարգացման կենտրոնը, հայտարարել է, որ ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը 2022-ին աճել է 60%-ով։

Կարևորելով արդյունաբերական կոոպերացիան` ռուս նախարարը մի քանի հեռանկարային նախագիծ է նշել, որոնց թվում՝ մեծ անասնապահական համալիրի կառուցումը Լոռիում, մետրոյի զարգացումը ռուսական ընկերությունների մասնակցությամբ, պղնձաձուլական գործարանի կառուցումը, գրում է Sputnik Արմենիան։

Ռեշետնիկովը նաև կարևորել է երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացումը։ Նա նշել է, որ մի շարք օտարերկրյա ընկերությունների հեռացումը Ռուսաստանից հեռանկարային հնարավորություններ է բացել գործընկեր երկրների համար և Մոսկվան ուրախ կլինի տեսնել հայաստանցի ձեռնարկատերերին։

Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, նեղ և ընդլայնված կազմերով։ Միջկառավարական խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացվել գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ուղղությամբ միջազգային պայմանագրերի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև Միության ներսում ապրանքների էլեկտրոնային առևտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման մասին: Զեկուցվել է նախորդ նիստերի հանձնարարականների և կարգադրությունների կատարման վերաբերյալ: