21 հոկտեմբերի 2022 - 18:56 AMT
Ծանրորդ Միլենա Խաչատրյանն առաջ է անցել թուրք մրցակիցներից և դարձել Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Միլենա Խաչատրյանը ալբանական Դյուրեսում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 Եվրոպայի առաջնությունում դարձել Եվրոպայի չեմպիոն՝ գերազանցելով թուրք մրցակիցներին։

76 կգ քաշային կարգում հանդես եկող Խաչատրյանը երկամարտում գրանցել է 219 կգ (99+120) արդյունք՝ հռչակվելով Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն։

Թուրքիան ներկայացնող Դիլարա Ուկանը 216 կգ արդյունքով դարձել է երկրորդը, իսկ Դիլարա Նարինը, նույնպես Թուրքիայից, ով նախապես ամենամեծ քաշն էր պատվիրել, ձախողել է հրում վարժությունը և մնացել առանց մեդալի: Բրոնզե մեդալակիր է դարձել լատվիացի Դանիելա Իվանովան 215 կգ արդյունքով։

Սա Հայաստանի 4-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի վաղ ԵԱ չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։

Հայաստանը 23 մասնակից ունի։ Մեդալների համար կպայքարեն նաև Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ, Մ20) ու Վարդան Մանուկյանը (89 կգ, Մ23):