22 հոկտեմբերի 2022 - 10:35 AMT
ԵԱՀԿ առաքելությունն անհրաժեշտության դեպքում կայցելի սահմանամերձ գոտի և դիտարկումներ կանի

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամներն անհրաժեշտության դեպքում կայցելեն սահմանամերձ գոտի և տեղում կիրականացնեն դիտարկումներ։ Այդ մասին ասվել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների հանդիպմանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետը։

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Հանդիպման նպատակն էր տեղում ծանոթանալ մի շարք ուղղություններով սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին։

«Ողջունելով առաքելության ներկայացուցիչների այցը Գեղարքունիքի մարզ՝ ներկաների ուշադրությունը հրավիրեցի ադրբեջանական հրետակոծության հետևանքով մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների 12 բնակավայրերում ստեղծված իրավիճակի վրա, հույս հայտնելով, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների արագ արձագանքը հնարավորություն կտա՝ ճիշտ գնահատել իրավիճակը։

Պատրաստակամ եմ՝ անհրաժեշտության դեպքում ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խմբին անձամբ ուղեկցել հրետակոծությունից տուժած բնակավայրեր, սահմանային գոտիներ և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նրանց բոլոր հարցերում։ Կտրամադրենք նաև տեսագրություններ և լուսանկարներ, որոնք ավելի խոսուն և համոզիչ են դարձնում թշնամու ագրեսիվ գործողությունները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց նաեւ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը՝ կարևորելով ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների այցը մարզ։

Նա խոսեց թշնամու ներթափանցման, հայկական կողմին պատճառած տարածքային և մարդկային կորուստների, քաղաքացիական բնակչության ահաբեկման և անհետ կորածների մասին»,-ասվում է գրառման մեջ։

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հանգամանալից տեղեկատվություն ներկայացնելու համար։

ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբը Հայաստանում կլինի մինչև հոկտեմբերի 27-ը։ Խումբը ժամանել է Երևանի հրավերով։ Այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա համալիր անվտանգության հայեցակարգի շրջանակում։