22 հոկտեմբերի 2022 - 13:42 AMT
Արայիկ Հարությունյանը պահեստազորի սպաների հետ քննարկել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին, վերջերս Երևանում ՀՀ իշխանությունների հետ ունեցած քննարկումների մանրամասները ներկայացնելու նպատակով մեկնարկած քաղաքական խորհրդակցությունների և հանդիպումների շրջանակում, ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։

Քննարկվել են Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող մի շարք հարցերի՝ վստահեցնելով նրանց, որ պահեստազորի սպաների սոցիալական խնդիրները մշտապես գտնվում են ԱՀ իշխանությունների ուշադրության ներքո։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության կասկածի տակ է տեսնում։ Հարցին, թե ինչ է լինելու երեք տարի անց, երբ խաղաղապահ առաքելության ժամկետը լրանա՝ Հարությունյանը պատասխանել է` կլինի առաքելության երկարաձգում, թե այլ ձևաչափ, չի կարող ասել, բայց ՌԴ ղեկավարությունը, կարծում է, որոշ ժամանակ հետո կհայտարարի այդ մասին։

Լրագրողի դիտարկմանը, որ անկախ երաշխավորներից, յուրաքանչյուրն ինքնապաշտպանվելու առնվազն նվազագույն հնարավորություններ պետք է ունենա, և որն է նրա կարծիքն այդ մասին, Հարությունյանն ասել է, որ ինքնապաշտպանության առումով որևէ խոչընդոտ չի կարող լինել։