Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ հաղթողներ

Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ  հաղթողներ

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ավարտված Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչումը նվաճել են Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Արման Ավագյանը:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 7։5 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թայիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ։ Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 11:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Պուերտո Ռիկայի ներկայացուցիչ Ժոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ, քառորդ եզրափակչում 9:3 հաշվով առավելության էր հասել ղազախ Ասիլ Այտակինի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 13:4 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեին:

Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ է հռչակվել աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն: Նախորդ անգամ նա այս տիտղոսին արժանացել էր 2021 թվականին Բելգրադում անցկացված առաջնությունում։

Վազգեն Թևանյանը 65 կգ քաշայինների եզրափակչում 8։4 հաշվով վստահ հաղթանակ է տարել թուրք Համզա Ալաջայի նկատմամբ և հռչակվել չեմպիոն: Թևանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով հաղթանակ էր տարել կանադացի Դանիել Տրոյ Քոլեսի նկատմամբ: 1/8 եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել անգլիացի ըմբիշի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 4:3 հաշվով հաղթել էր ճապոնացի Ռիյոմա Անրակուին, իսկ կիսաեզրափակչում 7:6 հաշվով պարտության էր մատնել ղազախ Ադլան Ասկարովին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 5։4 հաշվով դժվարին հաղթանակ տանելով հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի նկատմամբ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ավելի վաղ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Հաղթողի տիտղոսը նվաճել էր 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, արծաթե մեդալ էր նվաճել 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էր 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---