24 հոկտեմբերի 2022 - 13:59 AMT
Օվերչուկ․ ՀՀ-ն կարող է դուրս մնալ «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծից

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին ՀՀ փոխարեն կարող է անցնել Ադրբեջանի և Իրանի տարածքով, եթե «այդ երկիրը չլուծի տրանսպորտային շրջափակման հետ կապված հարցը»։ Այդ մասին նա հայտարարել է «Արտադրված է Ռուսաստանում-2022» արտահանման համաժողովում, գրում է «Վեդոմոստին»։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը Հայաստանի կամ Իրանի տարածքով կարևոր է Հարավային Կովկասում ձևավորվող «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկի ստեղծման համար։

«Այդ տրանսպորտային նախագծերի իրագործումը թույլ կտա Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսություններին լրացուցիչ եկամուտ ստանալ՝ Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելություններով պայմանավորված: Այս առումով էական դեր կխաղա Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։

Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը, որոնք կկապեն երկու երկրի ճանապարհները և կարճ ու հարմար երթևեկություն կապահովեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։

Երկաթուղու և ավտոճանապարհի կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից»,- ասել է Օվերչումը։

Նա նշել է նաև, որ միևնույն ժամանակ, Իրանի տարածքով արդեն կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, որը պատրաստ կլինի 2024-ին և հնարավորություն կտա դուրս գալ Իրանի, Թուրքիայի և Եվրոպայի շուկաներ։

Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին, որը կոչված է կապելու Ադրբեջանն ու Նախիջևանը՝ ՀՀ տարածքով։ ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։