15 ապրիլի 2009 - 17:00 AMT
ՖԻԴԵ-ի Գրան-պրի. Վիճակահանությամբ Լեւոն Արոնյանը հանդիպելու է Շահրիյար Մամեդյարովի հետ
Այսօր մեկնարկել է տղամարդկանց շարքում ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի չորրորդ փուլը, որին մասնակցում են երկու հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը: Մրցաշարի փակման արարողությունը տեղի է ունեցել Նալչիկի Երաժշտական թատրոնում: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բացելով արարողությունը, նշեց, որ մրցաշարն ունի 2725 միավոր վարկանիշ, դա ամենաբարձր ցուցանիշն է բոլոր նախկին մրցաշարերից:

«Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության մայրաքաղաք են ժամանել մեր ժամանակի առաջատար շախմատիստները, որոնք վերջերս տեղի ունեցած խոշոր միջազգային մրցաշարերի հաղթողներ են: Ուզում եմ նշել, որ Նալչիկը դառնում է համաշխարհային շախմատի զարգացման կենտրոններից մեկը: Անցյալ տարի մենք այստեղ հաջողությամբ անցկացրել ենք կանանց Համաշխարհային առաջնությունը, իսկ այս տարի` Գրան-պրի մրցաշարը: Եւ եթե անցած տարվա առաջնությունից առաջ ՖԻԴԵ-ի նախագահը քարտեզի վրա որոնում էր Նալչիկը, ապա այսօր շախմատիստների բազմամիլիոն աշխարհը գիտի եւ սիրում է Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաքը»,- ընդգծել է Կիրսան Իլյումժինովը:

Բացման արարողության ժամանակ մրցաշարի գլխավոր դատավոր Վյաչեսլավ Նամրուեւը անցկացրեց մասնակիցների վիճակահանություն, որի արդյունքում հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը հանդիպելու են ադրբեջանական շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի եւ համապատասխանաբար Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմժանովի հետ:

Առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան այսօր: Իսկ երկրորդ փուլում, որը կկայանա ապրիլի 16-ին, նույն շախմատային վահանակի մոտ նստելու են Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:

1-ին փուլի հանդիպումները`

Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Պիտեր Լեկո (Հունգարիա) - Գատա Կամսկի (ԱՄՆ)
Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) - Ռուստամ Կասիմժանով (Ուզբեկստան)
Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) - Պավել Էլյանով (Ուկրաինա)
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Բորիս Բելֆանդ (Իսրայել)
Եվգենի Ալեքսեեւ (Ռուսաստան) - Պյոտր Սբիդլեր (Ռուսաստան)
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - Էթյեն Բակրո (Ֆրանսիա)