24 հոկտեմբերի 2022 - 18:49 AMT
Փաշինյան․ Պատերազմի ժամանակ պարզվեց՝ ահասարսուռ անուններով հրթիռների միջից, գուցե, պլատաներ են հանել, որոնցում ոսկի կա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանն իր ելույթում ասել է, որ հակակոռուպցիոն պայքարն իշխանության ամենակարևոր հանրային պարտավորություններից է և որ միջազգային բոլոր զեկույցներում ՀՀ-ն հիշատակվում է որպես հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում և կոռուպցիայի դեմ պայքարում էական առաջընթաց գրանցած երկիր։

Վարչապետը նշել է, որ պետք է հասկանալ Հայաստանում կոռուպցիայի իրական ծավալները և իրական հետևանքները, բայց սա ուղղակի քաղաքական հայտարարություն պետք է չլինի՝ դա պիտի կոնկրետ հանրությանը, պետությանը հասցված վնասի վերականգնումով արտահայտվի:

«Ամեն անգամ, երբ գնում ենք որևէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ ասենք ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը: Շատ դեպքերում այսօր սա մենք ենք զգում, ներկաներն են զգում, երբ գնում են պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր լուծելու, այդ գործիքը վերցրած գնում են, որ օգտագործեն, պարզվում է՝ այդ գործիքի կաղապարը կա, ներսի ողջ պարունակությունը հանված է, և հայտնի չէ՝ ով է հանել: Բայց դա չէ էականը: Փաստն այն է, որ այդ գործիքով հնարավոր չի լինում այդ խնդիրը լուծել»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու իշխանության քաղաքական կամքը չի նվազել, նույնիսկ ավելացել է։

«Նախկինում գուցե մենք ի վիճակի չէինք, նույնիսկ ընդդիմադիր լինելով, գնահատել, թե կոռուպցիան ինչպիսի խորը և ողբերգական հետևանքներ է ունեցել և ունենում մեր իրականության վրա: Հիմա մենք դա գիտենք առավել մանրամասն, մենք ամեն օր առնչվում ենք այդ պրոբլեմի հետ, մենք ամեն օր մեր մաշկի վրա դա զգում ենք որպես պատասխանատու մարդիկ, ովքեր պետք է երկրի ճակատագրի հետ կապված խնդիրներ լուծեն:

․․․Հակակոռուպցիոն համակարգ է ձևավորվել, պետք է այս մեխանիզմը լիարժեք աշխատի, և կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի: Կրկին եմ ասում՝ սա քաղաքական նպատակահարմարության խնդիր չէ: Սա մեր պետության ինքնիշխանության, անկախության, անվտանգության ապահովման կարևորագույն գործիքներից է»,-ասել է Փաշինյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման և գործունեության մեկ տարում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել կառույցի նախագահ Սասուն Խաչատրյանը: Ներկայացնելով քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` նա ասել է, որ մեկ տարում քննիչների վարույթում գտնվող գործերի թիվն ավելի քան եռապատկվել է. 2021թ. հոկտեմբերի 23-ից մինչև օրս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 1042 քրեական վարույթ, մինչդեռ նախորդող մեկ տարվա ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել էր 565 քրեական գործ:

Նա նշել է, որ այժմ քննվում է 366 քրեական վարույթ, մինչդեռ 2021թ. հոկտեմբերի 23-ին գործունեությունը սկսելիս Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է 114 քրեական գործ:

Միջոցառմանը ներկա են եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, քննիչներ, պաշտոնատար այլ անձինք: