15 ապրիլի 2009 - 18:19 AMT
Միխայիլ Սահակաշվիլին Հայաստանին նկատողություններ անելու բարոյական իրավունք չունի
Նախքան Հայաստանին որեւէ նկատողություններ անելը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հարկավոր է ուշադրություն դարձնել նրան, որ իր կառավարման ժամանակ Վրաստանը չի արձանագրել ո'չ տնտեսական, ո'չ էլ սոցիալական առաջընթաց: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է «Արեւմտյան հայերի խնդիրների հետազոտման կենտրոն» գիտա-հետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: «Միխայիլ Սահակաշվիլին ոչ մի բարոյական իրավունք չունի Հայաստանի հասցեին նկատողություններ անելու եւ մեզ խորհուրդ տալու, թե արդյոք պետք է բարեկամություն անել Ռուսաստանի հետ, թե` ոչ: Վրացական նախագահն ավելի լավ է մտածի, որ հենց Վրաստանն է ամբողջությամբ ապրում Արեւմուտքի ֆինանսների հաշվին, որ այսօր հենց արտասահմանյան գումարներն են հոգ տանում վրաց բանակի մասին»,- նկատել է հայ փորձագետը:

Հայկազուն Ալվրցյանի խոսքով, Միխայիլ Սահակաշվիլիի նման հայտարարությունները ազդանշան են, որ Թբիլիսին չի պատրաստվում փոխել Ռուսաստանի հանդեպ իր քաղաքականությունը: Բացի այդ, փորձագետի կարծիքով, վրացական նախագահն ամեն կերպ փորձում է Վրաստանի հասարակությանը համոզել, որ Մոսկվայի հետ համագործակցությունից ոչ մի օգուտ չկա: «Վրաստանը տեսնում է, որ Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում ԵՄ, ԱՄՆ եւ Ռուսաստանի առնչությամբ: Որպեսզի Վրաստանը նույնպես կարողանա նման քաղաքականություն վարել, Սահակաշվիլին ստիպված կլինի մի շարք խնդիրներ լուծել երկրում:

«Վրաց առաջնորդի անհավասարակշիռ վարքի պատճառով այսօր Արեւմուտքը լուրջ խնդրի առաջ է կանգնած: Տարածաշրջանում իր նպատակներն իրականացնելու համար հարկավոր է կայուն Վրաստան, բայց այսօր այդ երկրում չկա այնպիսի մի անձ, որը կկարողանար ապահովել այդ կայունությունը»,- հայտնել է Հայկազուն Ալվրցյանը:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Newsweek թերթին տված հարցազրույցում հայտնել է հետեւյալը. «Եթե ես փոխզիջման գնայի Ռուսաստանի հետ, մենք հիմա կլինեինք ինչպես Ղրղզստանը` կորցնելով մեր ժողովրդավարական արժեքները, կամ էլ նույնքան աղքատ, ինչպես Հայաստանը, որի տնտեսությունն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից»: