25 հոկտեմբերի 2022 - 18:02 AMT
5 բուհում գիտահետազոտական կենտրոններ կհիմնվեն, կհիմնանորոգվի 4 ավագ դպրոց

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ԱԺ-ում, ներկայացնելով Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագիրը, նշել է, որ ընդհանուր գումարից 2․6 մլն եվրո կհատկացվի բուհերում զարգացման ծրագրերին՝ կիրականացվի 5 դրամաշնորհային ծրագիր, 5 բուհում գիտահետազոտական կենտրոններ կհիմնադրվեն։ ԱԺ-ն քննարկել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Բուհերի համար հայտարարվելու է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ կհայտարարվի։

Պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրել է՝ արդյո՞ք տեսանելի ապագայում Հայաստանի բուհերից կկարողանան ընդգրկվել աշխարհի լավագույն բուհերի շարքում: Արթուր Մարտիրոսյանն ասել է, որ այդպիսի նպատակ կա՝ ակնկալվում է, որ հանրապետության 4 բուհ 2030 թ., կարող է լինել աշխարհի 500 լավագույն բուհերի շարքում:

Մարտիրոսյանը նշել է նաև, որ լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրով նախատեսվում է հիմնանորոգել և վերակառուցել 4 ավագ դպրոց, ինչպես նաև դրանք համալրել անհրաժեշտ գույքով: Այդ դպրոցներն են` Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը, Արտաշատի և Աշտարակի ավագ դպրոցները, Երեւանի թիվ 139 ավագ դպրոցը:

Համաձայնագրի շրջանակում 200 դպրոցում կստեղծվեն բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Կառավարությունը նախատեսում է, որ մինչեւ 2026 թ. հանրապետության բոլոր դպրոցները պետք է ապահովվեն նման լաբորատորիաներով:

Հանրապետության 80 բնակավայրում կստեղծվի առնվազն 80 նախակրթարան, դրանք կհամալրվեն անհրաժեշտ գույքով, կվերապատրաստվեն դաստիարակները:

Հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է մեր երկրին հատկացնել 22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով. 14,5 տարին արտոնյալ է: Տոկոսադրույքը տարեկան 0,25 տոկոս է: Վարկի մարումը կսկսվի արտոնյալ ժամկետը լրանալուց հետո: