25 հոկտեմբերի 2022 - 18:36 AMT
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտել է Ադրբեջանի վերջին ագրեսիան

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (The International Association of Genocide Scholars-IAGS) գործադիր մարմինը հոկտեմբերի 24-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի բնիկ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին» հայտարարություն, որով խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք և շարունակվող ագրեսիան Արցախի դեմ՝ մտահոգություն հայտնելով, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, հայտնում է Shantnews.am-ը:

Ցեղասպանության վտանգը վերացնելու նպատակով Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր մարմինը կոչ է արել.

Միջազգային հանրությանը և ակադեմիական ու մշակութային կազմակերպություններին՝ դատապարտել Ադրբեջանի բռնությունն ու ատելության խոսքը Հայաստանի դեմ և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանին ստիպելու դադարեցնել ռազմական գործողություններն ու ատելության խոսքը Հայաստանի Հանրապետության և Արցախի բնիկ հայերի դեմ,

-Ադրբեջանին՝ կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը,

-Ադրբեջանին՝ հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից և հարգել արցախահայության ինքնորոշման իրավունքը, որը երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ (Գլուխ I, հոդված 2),

-Միջազգային հանրությանը՝ զսպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմին, որը պատասխանատու է 2020 թվականի սեպտեմբերից Հայաստանի և հայերի դեմ իրականացված ագրեսիայի (հանցագործություններ խաղաղության դեմ), ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։