Գերծանրաբեռնված ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքը կավելանա

Գերծանրաբեռնված ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքը կավելանա

PanARMENIAN.Net - ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքի չափը կբարձրանա։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ հոկտեմբերի 25-ի նիստում:

Ըստ գործող կարգի, տուգանքի չափը բոլոր դեպքերում նույնն է՝ 200,000 դրամ: Առաջարկվող փոփոխությամբ որքան շատ լինի թույլատրելիից ավելի բեռի քաշը, այնքան տուգանքի չափը մեծ է լինելու:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ սահմանված տուգանքի չափը՝ 200,000 դրամը, առաջարկվում է փոփոխել և մինչև 1 տոննա և ավելի յուրաքանչյուր տոննայի համար սահմանել 200,000 դրամ տուգանք:

Առաջարկվում է նաև ամրագրել, որ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի՝ կարգադրագրերի և ցուցումների պահանջները սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ երեքհարյուրհիսունապատիկի չափով:

Նախագծի նպատակն արդարացիության ապահովումն է, ինչպես նաև ճանապարհներին հասցվող վնասի նվազեցումը:

Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---