Սիմոնյանը՝ Զատուլինի մասին․ Չենք կարող անտարբեր լինել անհարգալից վերաբերմունք դրսևորած յուրաքանչյուր անձի հանդեպ

Սիմոնյանը՝ Զատուլինի մասին․ Չենք կարող անտարբեր լինել անհարգալից վերաբերմունք դրսևորած յուրաքանչյուր անձի հանդեպ

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ՀՀ մուտքի արգելքին, ասել է, որ Հայաստանը չի կարող անտարբեր լինել ՀՀ ինքնիշխան տարածքի և Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած յուրաքանչյուր անձի հանդեպ` անկախ նրանից, թե ինչ երկիր կներկայացնի։

«ՀՀ սահմանները կարմիր գիծ են, և բոլոր գործընկերները պետք է հաշվի նստեն դրա հետ»,-ասել է Սիմոնյանը, գրում է Sputnik Արմենիան։

Այն հարցին, թե RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյա՞նն էլ է այդ ցանկում` ԱԺ նախագահը պատասխանել է, որ չունի նման ինֆորմացիա, սակայն չի բացառում, որ թե՛ նա, թե՛ նրա ամուսինը` ռեժիսոր Տիգրան Քյոսայանը, լինեն այդ ցանկում։

Սիմոնյանը չի բացառել, որ այդ ցանկում կլինեն նաև «հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ, մանկուրտներ», որոնք Հայաստանի Հանրապետության հանդեպ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, ՀՀ անկախության, ՀՀ նախկին ղեկավարների նկատմամբ մասնավոր զրույցներում վիրավորական արտահայտություններ կանեն։

«Ի դեպ, շատ են ընդդիմադիրները փորձում տարբեր մարդկանց պաշտպանել, սակայն կարող է մի օր ջղայնանամ ու պատմեմ, թե այդ մարդիկ մասնավոր զրույցներում ինչ են ասում։ Ուստի, խորհուրդ չեմ տա պաշտպանել նրանց»,–ասաց Սիմոնյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինն էլ. փոստով պաշտոնական նամակ է ստացել ՀՀ ԱԺ-ից, որով նրան իրազեկել են, որ իր մուտքը Հայաստան «անցանկալի է համարվում»։ Նա այդ քայլը վիրավորական է գնահատել։

Ավելի վաղ «Հայկական ժամանակը» գրել էր․ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիային» տված հարցազրույցի ընթացքում նա մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը»,- ասել էր Զատուլինը»,-ասվում է հրապարակման մեջ։

Մարգարիտա Սիմոնյանը գրել է, որ իր մուտքը ՀՀ ևս արգելվել է։

 Ուշագրավ
---